ՌԴ պատգամավորը մանրամասներ է հայտնել կասկածյալների ձերբակալության մասին
ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Հինշտեյնը ևս հայտնել է, որ Բրյանսկի մարզում ձերբակալվել են «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության մեջ կասկածվող երկու անձինք:
Ավտոմեքենան, որով տեղաշարժվում էին կասկածյալները, գիշերը հայտնաբերվել է Բրյանսկի մարզի Կարաչինսկի շրջանի Հացուն գյուղի շրջանում:
«Ահաբեկիչներից մեկը տեղում ձերբակալվել է, մյուսները թաքնվել են անտառում։ Որոնողական աշխատանքների արդյունքում ժամը 3:50-ի սահմաններում հայտնաբերվել և ձերբակալվել է երկրորդ կասկածյալը: Մյուսների հետախուզումը շարունակվում է։ Գործողությանը միացված են բոլոր ուժային գերատեսչությունները», - հավելել է նա ։
Հաղորդվում է, որ մեքենայի սրահում հայտնաբերել են ատրճանակ, ինքնաձիգի պահեստատուփ և Տաջիկստանի քաղաքացիների անձնագրեր:
Հիշեցնենք` ավելի վաղ BAZA-ն հայտնել էր, որ ենթադրյալ հանցագործների ավտոմեքենան կանգնեցվել է Բրյանսկի մարզում։ Նշենք, որ ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր 4-ին, որոնք անմիջականորեն մասնակցել են «Կրոկուսի» ահաբեկչությանը:
Մարտի 22-ի երեկոյան «Կրոկուս Սիթի Հոլլ»–ում համերգից առաջ հրաձգություն և հրդեհ է տեղի ունեցել։ ՌԴ ՔԿ-ից հայտնում են, որ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի: Կան նաև հարյուրավոր տուժածներ: