ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Շատ կոշտ ձևով ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին»․ ՔԿ-ն հայտնել է պատճառը
«Քիչ առաջ շատ կոշտ ձևով ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին»։ Այս մասին հայտնել է փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշել է, որ այլ տեղեկություն այս պահին չունի։
«Դիմակավորված ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք գազանաբար հարձակվել են Նարեկ Սամսոնյանի վրա ու տարել. այս պահին հայտնի չէ, թե ուր են տարել»,-տեսանյութին կից նման հաղորդագրություն է հրապարակվել հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանի տելեգրամի էջում։
Դիմակավորված անձանց հետ գործողությանը մասնակցում են նաև քաղաքացիական հագուստով անձինք։ Նրանցից մեկը հարձակվում է ու ձեռքով հարվածում տեղի ունեցողն արձանագրող տեսախցիկին։
Antifake.am-ը ձերբակալության տեսանյութն է տեղադրել:
Նշենք, որ Նարեկ Սամսոնայնը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահն է:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է․ «Հաշվի առնելով բանավոր հարցումների առատությունը՝ այս պահին հարկ եմ համարում տեղեկացնել ընդամենը, որ Ն․ Ս․-ն ձերբակալվել է ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»։
Նշենք, որ այդ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերվում է խուլիգանությանը: Հոդվածի 2 մասի առաջին և երրորդ կետերը վերաբերում են խուլիգանությանը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: