Հայաստանի առաջնագծի ամենաամուր հատվածը կկազմաքանդվի. «Հայաստան» խմբակցությունը` Տավուշի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կարծում է, որ հատվածական սահմանազատման և սահմանագծման գործընթացը հենց Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է ՀՀ առաջնագծի ամենաամուր և կահավորված հատվածի կազմաքանդման։
«Մարտի 18-ին Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հաստատում են ընթացող բանակցային գործընթացում ադրբեջանական նախապայմանները միակողմանիորեն բավարարելու մեր բոլոր մտահոգությունները»,– ասված է հայտարարության մեջ:
Խմբակցությունը ներկայացրել է իր մտահոգությունները.
Առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման՝ հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից:
Ռազմավարական ճանապարհների նկատմամբ վերահսկողության փաստացի կորուստը բազմապատկելու է ՀՀ անվտանգային սպառնալիքները:
Սեփական ժողովրդին շարունակաբար պատերազմով սպառնալու միջոցով ադրբեջանական չդադարող պահանջների կատարումը ոչ միայն չի կանխելու Ադրբեջանի կողմից նոր պահանջների առաջ քաշումը, այլև պարարտ հող է ստեղծելու վերջինիս կողմից նոր ագրեսիվ գործողությունների համար:
Հօգուտ Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման լավագույն փորձից հրաժարվելը, միջազգային փորձի անտեսումը ազգային կենսական շահերից հրաժարվելու վկայությունն են:
«Հայաստան» խմբակցությունն ընդգծել է, որ հօգուտ այլ պետության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները, տարածքներ հանձնելը պետության դեմ ծանրագույն հանցագործություններ են:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հնարավոր է` մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։ Կիրանց գյուղում էլ նա հայտարարել է, որ սահմանազատման և սահմանագծման արդյունքում Ադրբեջանի հետ գոյություն ունեցող շփման գիծը կդառնա ճանաչված սահման, իսկ զինծառայողների փոխարեն այնտեղ կկանգնեն սահմանապահները։