Քոլեջի տնօրենը` 18-ամյա ուսանողի սպանության մասին

Ուսումնառության ընթացքում վատ վարքով աչքի չի ընկել, լավ սովորող, ուսանողների ու դասախոսների կողմից հարգանքի արժանացած ուսանող էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը՝ անդրադառնալով այսօր՝ մարտի 12-ին, քոլեջի հարեւանությամբ տեղի ունեցած 18-ամյա ուսանող Ռաֆայել Հ.-ի սպանությանը:


«Սովորում էր երրորդ կուրսում, հաշվողական համակարգեր, ցանցեր մասնագիտությունում: Սա կոնկրետ ինձ համար շոկային է, որովհետեւ շատ անհասկանալի, ակնթարթային իրադարձություն եղավ: Չհասցրեցինք անգամ հասկանալ՝ ոնց եղավ:


Վիճաբանության մանրամասներին տեղյակ չեմ, ըստ մեր տեղեկությունները, միջադեպը քոլեջի ուսանողների հետ չի եղել: Դեպքը եղել է երկար դասամիջոցի ընթացքում, երբ բոլոր ուսանողները դուրս են գալիս քոլեջից՝ հարեւանությամբ սննդի կետերից օգտվելու համար: Ինքն էլ բոլորի հետ դուրս է եկել: Թե այդ ընթացքում ինչ է եղել, ինչ արագությամբ, չեմ կարող ասել: Մեր տեղեկությունը ուսանողների եւ դասախոսների պատմածների հիման վրա է, որոնք հետո օգնություն են ցուցաբերել:


Ես լավ տեղյակ եմ, որ իրավապահ մարմինները շատ արագ արձագանքել են, դրանով զբաղվում են»,-ասել է նա:


Քոլեջի տնօրենը հավելել է, որ այդ սննդի կետ շատերն են մտնում-դուրս գալիս, իսկ դեպքը եղել է հենց դրա հարեւանությամբ և ականատեսներ եղել են. «Բայց թե մասնակցություն ունեցել են, թե ոչ, չեմ կարող այդ հարցին պատասխանել»,-նշել է նա:


Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էր, որ այսօր ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել և կա դանակահարված երեխա: