Եթե այդ երեք սկզբունքներն արձանագրվեն տեքստում, մնացածը իրավական տեխնիկայի հարց է. Խանդանյան
Չնայած բանավոր պայմանավորվածություններին՝ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրում երեք հիմնական սկզբունքների ամրագրման շուրջ դեռ համաձայնության չեն հասել: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հաղորդում է «Ազատությունը»:
Նրա խոսքով, եթե այդպիսի համաձայնություն լիներ, Երևանի գնահատականները լավատեսական կլինեին։
«Եթե այդ երեք սկզբունքները այն տեսքով, որ տեսքով մենք պատկերացնում ենք և բանավոր պայմանավորվածություն է եղել, արձանագրվի տեքստում, մնացածը արդեն, այսպես ասած, իրավական տեխնիկայի հարց է՝ այնտեղ իրավական ձևակերպումների և մի քանի այլ դրույթների, որոնց մի մասը արդեն իսկ համաձայնեցված է, վերջնական տեսքի բերելու հարց է», - ասաց Սարգիս Խանդանյանը:
Այդ սկզբունքներն են՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա, այդ հռչակագիրը պետք է լինի սահմանագծման գործընթացի հիմք, կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հարգմամբ:
Մինչ արտգործնախարարների բանակցությունները, Ադրբեջանի նախագահը տարբեր պահանջներ էր ներկայացրել՝ ընդհուպ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Սյունիքով դեպի Նախիջևան անխոչընդոտ անցում, ութ գյուղերի վերադարձ, հրաժարվել էր սահմանազատման համար հիմք ընդունել որևէ թվականի քարտեզ և հստակ մակերեսով չի հայտարարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Երկօրյա բանակցություններում, այդուհանդերձ, որոշակի առաջընթաց գրանցվել է, ասում է Սարգիս Խանդանյանը, բայց փակագծեր չի բացում։
«Որոշակի հարցերի շուրջ հնարավոր է եղել որոշ առաջընթաց գրանցել, բայց, այնուամենայնիվ, եթե առաջընթացն այնպիսին լիներ, որ հնարավոր կլիներ խոսել հնարավոր ստորագրման մասին, ժամկետների մասին, ապա դրա մասին մեկնաբանություններ կլինեին, բայց այս պահին ես ենթադրում եմ և գտնում եմ, որ լրացուցիչ աշխատանքի կարիք կա և նոր հանդիպումների անհրաժեշտություն կա», - նշեց ԱԺ հանձնաժողովի նախագահը:
Տևական դադարից հետո անցած շաբաթ Գերմանիայում դեմ առ դեմ բանակցեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ինչից հետո կողմերը որևէ հայտարարություն չարեցին առաջընթացի մասին, պաշտոնական Երևանը հայտնեց, թե պայմանավորվել են շարունակել բաց հարցերի շուրջ քննարկումը։ Երկու երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների նոր հանդիպման մասին այժմ տեղեկություններ չկան:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
Միրզոյանը՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
ՀՀ–ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում...
ԵՄ-ն Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ չի անցկանցնի․ որն է պատճառը
Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա, քանի որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այլ քաղաքական և տնտեսա...