Լեհաստանը կարող է ժամանակավորապես փակել Ուկրաինայի հետ սահմանը

Լեհաստանը բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ սահմանները փակելու և փոխադարձ առևտուրը դադարեցնելու շուրջ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ մեջբերում է PAP գործակալությունը։ Տուսկն ընդգծել է, որ այս որոշումը կլինի ժամանակավոր և «ցավոտ» երկու կողմերի համար։


«Երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի հետ սահմանին, ես պատրաստ եմ կոշտ որոշումներ կայացնել՝ միշտ համաձայնեցնելով Կիևի հետ, որպեսզի ավելորդ լարվածություն չլինի։ Բայց մենք պետք է երկարաժամկետ լուծում գտնենք»,- ասել է Տուսկը:


Նրա խոսքով, սահմանների փակման թեման նախատեսվում է քննարկել փետրվարի 29-ին բողոքող լեհ ֆերմերների հետ հանդիպմանը։ Լեհաստանի իշխանությունները նաև նախատեսում են քննարկել սուբսիդիաները և այլ միջոցներ, որոնք լեհական հացահատիկը գներով ավելի գրավիչ կդարձնեն, քան ուկրաինական հացահատիկը:


Տուսկը Լեհաստանն անվանել է «ամենաուկրաինամետ պետությունը», սակայն նշել է, որ Ուկրաինայի հետ ազատ առևտրի մասին որոշումը չափազանց թանկ է Վարշավայի համար։


«Մենք ի վիճակի չենք վճարել նման գին, ուստի մենք լուծում ենք փնտրում, որը կպաշտպանի լեհական շուկան, ինչպես նաև եվրոպական շուկան Ուկրաինայից ակնհայտ ավելի էժան գյուղմթերքների հոսքից»: - ասել է վարչապետը:

Քաղաքականություն