Կիևը Փարիզի հետ բանակցություններ է վարում կործանիչների շուրջ
Կիևը Փարիզի հետ քննարկում է ուկրաինական կողմին մարտական ինքնաթիռների մատակարարման հնարավորությունը: Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Այո՛, մենք բանակցություններ ենք վարում կործանիչների շուրջ», - հայտարարել է Զելենսկին՝ պատասխանելով ֆրանսիական LCI հեռուստաալիքի թղթակցի հարցին Կիևին Mirage 2000 կործանիչների հնարավոր մատակարարման մասին։ Միևնույն ժամանակ, Նախագահը բանակցությունների ընթացքի մասին այլ մանրամասներ չի հայտնել:
Փետրվարի 16-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ Կիևը հույս ունի Փարիզից ստանալ Mirage 2000 կործանիչներ: 2023 թվականի սեպտեմբերին ֆրանսիական Intelligence Online հարթակը հաղորդել էր, որ Կիևը և Փարիզը մոտ են Ուկրաինայի զինված ուժերին այդ կործանիչների փոխանցման շուրջ համաձայնագրի կնքմանը։
Իր հերթին Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Օմելչենկոն փետրվարի 23-ին Le Point հանդեսին տված հարցազրույցում ասել էր, որ Փարիզն ու Կիևը ներկայումս ուկրաինացի օդաչուների պատրաստման աշխատանքներ են տանում։ Նա կոչ էր արել չհավատալ Mirage 2000D ինքնաթիռների հնարավոր մատակարարումների մասին լուրերին՝ հայտարարելով, որ Ուկրաինայի զինված ուժերն ընտրություն են կատարել հօգուտ ամերիկյան F-16-երի, սակայն հավելել էր, որ Ուկրաինան նախկինի նման դիտարկում է արևմտյան օգնության բոլոր հասանելի տարբերակները: