Ո՞ր դեպքում բարձրագույն սպայական կազմի անդամները կստանա 1 մլն 075 հազար դրամ

Բարձրագույն սպայական կազմի անդամները կստանա 1 մլն 075 հազար դրամ, եթե ատեստավորումը հանձնի գերազանց։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը` ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը։


Նշվում է, որ օրենսդրական այս փոփոխությունների փաթեթը պետք է քննարկվի 24 ժամվա ընթացքում։


Բրուտյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերում վարձատրությունը դեռ հիմնված չէ միասնական քաղաքականության վրա։ Այժմ ՀՀ կառավարության նպատակն է ներդնել համարժեք վարձատրության համակարգ, որի ելակետերն են` վարձատրության չափը, համակարգի կառուցվածքը, ինչպես նաև հաստիքները պետք է բխեն բանակի և գործառույթի կոնկրետ բնույթից և նպատակից։


Բրուտյանը հայտարարել է․ «ՀՀ ԶՈւ–ում յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր կոնկրետ գործով, ու յուրաքանչյուրի ծառայության արդյունքները պետք է լինեն չափելի, ծառայողները պետք է համարժեք վարձատրվեն։ Այդ նպատակով պետք է վերանայվեն հաստիքները, որոնք տարանջատվում են զինվորականի և ոչ զինվորականի։ Ոչ զինվորական հաստիքների մեջ մտնում են քաղաքացիական ծառայողները և աշխատանք կատարողները։ Նրանք պետք է ստանան մրցակցային, մասնավոր հատվածի միջինից բարձր աշխատավարձ, որպեսզի հնարավոր լինի երկրում առկա որակյալ աշխատուժը ներգրավել ՀՀ ԶՈւ»։ 


Զինվորական հաստիքները բաժանվում են ըստ մարտական գործառույթների, պլանավորմանն իրականացման, վերահսկման` անմիջական և ոչ անմիջական մասնակցությամբ։ Ըստ նախարարի տեղակալի` այս պարագայում վարձատրությունը պայմանավորված է զինծառայողների որակավորմամբ և ռիսկայնությամբ։


«Այլ կերպ ասած` որքան մեծ է ծառայության ռիսկայնությունը, ինչպես նաև որակավորումը, այնքան բարձր է վարձատրությունը։ Ընդ որում` պահանջվող որակավորումը պարբերաբար պետք է վերահաստատվի, լինի ատեստավորում։ Ռիսկայնությամբ պայմանավորված` վարձատրությունը պետք է իրականացվի հավելավճարներով, որոնց համակարգը կառավարության կողմից ներկայումս վերանայվում է։ Սա նաև մոտիվացիա է ոչ մարտականից մարտականի անցնելու համար»,– ընդգծել է նա։


Ըստ այդմ` բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչև ատեստավորումը կկազմի 209–218 հազար դրամ, առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնելու դեպքում աշխատավարձը միջինացված ավելանում է մոտավորապես 82 հազար դրամով։


ՀՀ ՊՆ տեղակալը տեղեկացցրել է․ «Ատեստավորման բավարար գնահատականի դեպքում բրիգադի սերժանտի աշխատավարձը կկազմի 418 505 դրամ, լավ գնահատականի դեպքում` 530 505 դրամ, գերազանցի դեպքում` 570 505 դրամ։ Մարտական ծառայության դեպքում շարքային կազմի պայմանագրային զինվորականները առանց ատեստավորման կստանան շուրջ 110 հազար դրամ, ատեստավորումից հետո բավարար գնահատականի դեպքում կստանան 262 հազար դրամ, լավի դեպքում` 489 հազար դրամ, գերազանցի դեպքում` 526 հազար դրամ։ Առանձնահատուկ պայմաններում իրականցնելու դեպքում շարքային կազմի զինվորականների աշխատավարձը կավելանա 115 հազար դրամով, իսկ բավարար գնահատականի դեպքում այն կկազմի 377 հազար դրամ»։ 


Ինչ վերաբերում է բարձրագույն սպայական կազմին, ապա ատեստավորման բավարար գնահատականի դեպքում այն կկազմի 890 հազար դրամ, լավի դեպքում` 1 մլն 035 հազար դրամ, գերազանցի դեպքում` 1 մլն 075 հազար դրամ։