ՀՀ պետգնումների շուկան բաց է ԵԱՏՄ երկրների բիզնեսի համար․ փոխնախարար
Հայաստանը ԵԱՏՄ երկրների բիզնեսի համար պետգնումների իր շուկան բացել է 2023 թ օգոստոսին ստորագրված ընդհանուր համաձայնագրից շատ ավելի առաջ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ ներկայացնելով ԵԱՏՄ երկրների միջև բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը։
Ըստ համաձայնագրի՝ միության երկրների կառավարությունները կամ առանձին գերատեսչությունները, պետական գնումների մրցույթ հայտարարելով, բիզնեսից ֆինանսական երաշխիքներ կընդունեն ոչ միայն տվյալ երկրի, այլև ԵԱՏՄ մյուս երկրների բանկերից։ Մինչ այս պահն այդ երաշխիքները փոխադարձաբար չէին ճանաչվում, ինչը խանգարում էր ԵԱՏՄ պետգնումների միասնական շուկայի կայացմանը։ Այժմ այս համաձայնագրի ընդունմամբ և վավերացմամբ այդ արգելքը կվերացվի։
Ավանեսյանը նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ մյուս երկրների համար այդ պահանջը հանել էր մի քանի տարի առաջ, և միության անդամ երկրների ընկերությունները կարող էին իրենց բանկերի երաշխիքով մասնակցել ՀՀ գնումների մրցույթներին:
Ըստ համաձայնագրի` բանկերին ներկայացված են մի շարք պահանջներ. վերջին 6 ամիսների ընթացքում նրանք չպետք է գտնվեն ֆինանսական առողջացման գործընթացում, բանկի կապիտալը պետք է կազմի առնվազն 60 մլն ԱՄՆ դոլար, իսկ կապիտալի համարժեքության գործակիցը (բանկի կապիտալի հարաբերակցությունը նրա ռիսկերին)՝ առնվազն 12,5 տոկոս:
Կապալառուից բանկային երաշխիք է պահանջվում այն դեպքում, երբ նա չի կատարում աշխատանքը կամ ապրանքների մատակարարումը: Այս դեպքում պետությունը կարող է վերցնել երաշխիքային գումարն իր հաշվից։ Եթե բանկը դրա համար խոչընդոտներ ստեղծի, ապա այն կհայտնվի ԵԱՏՄ տարածքում պետգնումների, այսպես կոչված, «սև ցուցակում»։
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշեց, որ հայկական շինարարական ընկերություններն այժմ պատվերների ավելցուկ ունեն երկրի ներսում` հաշվի առնելով ենթակառուցվածքների, դպրոցների և հիվանդանոցների կառուցման` կառավարության լայնածավալ նախագծերը: