«Վանաձոր» ՔԿՀ-ում դատապարտյալներից մեկը ածելիով վնասել է ձեռքը, մյուսը՝ երկաթե օղակ կուլ տվել. մոտ 20 մարդ հացադուլ է հայտարարել. ԶԼՄ
«Վանաձոր» ՔԿՀ-ում բունտը շարունակվում է։ Հացադուլին զուգահեռ նաեւ ինքնավնասման դեպքեր են գրանցվել. մեկն ածելիով ձեռքն է վնասել, մյուսը՝ երկաթյա օղակ կուլ տվել։ Հայտնում է «Փաստինֆո»-ն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահի դրությամբ հացադուլի մեջ է գտնվում 20 կալանավորված անձ և դատապարտյալ։
««Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց կողմից ինքնասպանության փորձեր չեն իրականացվել։ 3 դատապարտյալ հայտարարել է ինքնավնասում կատարելու մասին, որոնցից երկուսի ինքնավնասման փաստն արձանագրվել է, երրորդ դատապարտյալը հրաժարվել է անցնել բժշկական զննություն՝ ինքնավնասումը փաստելու համար»,- նշել է Նավիկյանը՝ մանրամասնելով, որ ինքնանասում կատարած դատապարտյալներից մեկը երկաթե օղակ է կուլ տվել, մյուսը՝ ածելիով վնասել ձեռքը։
Նավիկյանը վստահեցրեց, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի գործունեությունն ընթանում է բնականոն եղանակով։
Ինչպես հայտնի էր՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում 30 կալանավորված անձ և դատապարտյալ հացադուլի մեջ է։ Պատճառն, այսպես կոչված, մաքրման աշխատանքներ են եղել։
«....Ծառայողները խցերից հայտնաբերել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսի պարագաներ, առանց ակցիզային դրոշմանիշների մեծ քանակությամբ ծխախոտ, ինքնաշեն ոգելից խմիչք, այլ արգելված իրեր, խցերից դուրս են բերվել նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող կահույք և էլեկտրատեխնիկա։
Բացի այդ, «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող, քրեական ենթամշակույթի կանոններով առաջնորդվող ազատազրկված անձինք նույն օրը՝ փետրվարի 9-ին, տեղափոխվել են այլ քրեակատարողական հիմնարկ, և հաջակցություն վերջիններիս՝ որոշ կալանավորված անձինք և դատապարտյալներ հայտարարել են հացադուլ»,– գրում է լրատվամիջոցը։