Բնակիչները փակել են Ջրահովիտ գյուցի ճանապարհը

Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչներն այսօր փակել են գյուղի ճանապարհը։


Aysor.am-ի հետ զրույցում բնակիչներից Ջեմմա Հովսեփյանն ասաց, որ կառավարությունը համայնքների խոշորացումից հետո որոշում է ընդունել, ըստ որի, Ջրահովիտ և Արևաբույր համայնքները մեկ դպրոց պետք է ունենան։ Դպրոցը պետք է կառուցվի այդ երկու գյուղերի կենտրոնական հատվածում։


«Այդ մասին մեզ տեղեկացրել են անցած տարի մայիսին, կանգնեցրել են մեր նախակրթարանի շինարարությունը, քանի որ դպրոցը պետք է քանդեն։ Կառավարության որոշմամբ պետք է մեկ հզոր, մեծ դպրոց կառուցվի երկու գյուղերի արանքում։ Մեր դպրոցը 500 աշակերտի համար է, 1975 թվականին կառուցումից հետո մեր դպրոցը ընդունել է նաև Արևաբույրի աշակերտներին՝ միջնակարգ ուսուցման համար, քանի որ իրենց դպրոցն 8-ամյա էր»,-նշեց նա։


Բնակչի խոսքով՝ Արարատի մարզպետարանն Արևաբուր համայնքի ղեկավարության հետ քավորսանիկական հարաբերությունների մեջ են և հիմա ինչ-որ դավեր են նյութում իրենց դեմ, որպեսզի դպրոցը կառուցվի ոչ թե երկու գյուղի արանքում, այլ հենց Արևաբույրում. «Ինչու են շրջանցում կառավարության որոշումը։ Դա ընկնում է մեր գյուղի հակառակ կողմում, 2կմ-ից ավելի հեռավորություն է լինելու։ Ուզում են ընկերական շրջապատը, կապերն օգտագործելով՝ շրջանցել կառավարության որոշումը։ Նրանք ցանկանում են հին պայմանագիրը չեղյալ հատարարեն, նոր մրցույթ հայտարարեն և իրենց ուզածն անեն»։


Ջեմմա Հովսեփյանը նշեց, որ տարածքը, որտեղ ուզում են Արևաբույրի դպրոցը կառուցել, ճահճային է, մի քանի տարի առաջ այնտեղ դպրոցի հիմք է գցվել, սակայն տեսնելով, որ ճահիճ է, դադարեցրել են աշխատանքները. «Մեր պահանջն այն է, որ դպրոցը պետք է կառուցվի երկու գյուղի կենտրոնում։ Ուզում ենք վարչապետին, կառավարությանը տեղեկացնել, որ մարզպետարանը համայնքի հետ նման դավեր են նյութում»։


Դպրոցի կառուցման համար ճանապարհ փակած Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի բնակիչներն ավելի ուշ բացել են այն, իսկ վարչական ղեկավարը գնացել է մարզպետարան՝ հարցը քննարկելու։


Քաղաքականություն