Մի քանի տարի անց մենք ունենալու ենք խիստ մարտունակ, ժամանակակից բանակ․ Արմեն Խաչատրյան
Ռազմաարդյունաբերության ոլորտում մենք ունենք շրջադարձային փոփոխություններ, այսօր ունենք զինատեսակներ, որոնք արտադրվում են ՀՀ-ում: Այս մասին «Ազատության» հետ հարցազրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Այդ զինատեսակները գուցե 4-րդ, 5-րդ սերնդի զինատեսակներ են, եւ կան զարգացած երկրներ, որոնք չեն էլ արտադրում այդ զինատեսակներ: Այս տեմպերը պահպանելու դեպքում մենք 1-2 տարի հետո կունենանք բարձրտեխնոլոգիական ձեռքբերումներ, որոնք աշխարհում հայտնի կլինեն որպես հայկական ձեռքբերումներ, իհարկե, ռազմական, զինտեխնիկայի ոլորտում, եթե այս տեմպերով շարունակվի: Իհարկե, Հայաստանը փոքր երկիր է, ամեն ինչ չի կարող արտադրել, մենք հակված ենք արտադրել այնպիսի տեխնիկա, որը գերժամանակակից է, ավելի շատ խնդիր է լուծում եւ բարձր տեխնոլոգիաների կիրառման միջոցով է այդ զինտեխնիկան արտադրվում: Իհարկե, այդ ամենը երկար քողարկել չի լինում, բայց այս պահի դրությամբ ճիշտը շատ գործ անելն է եւ քիչ խոսելը»,- ասել է նա՝ հավելելով, որ նոր թափ է հաղորդվել ռազմաարդյունաբերական ոլորտին:
Պատգամավորը նշել է, որ նաեւ դրոնների արտադրման ծրագրեր կան, որոնք իրագործման փուլում են։
«Ադրբեջանը եւ Թուրքիան զինվում են եւ այս ամենը հաշվի առնելով, մենք պատկերացնում ենք մեր առջեւ ծառացած մարտահրավերները եւ դրան համարժեք միջոցառումներ են ձեռնարկվում: Մի քանի տարի անց մենք ունենալու ենք խիստ մարտունակ, ժամանակակից բանակ եւ առաջիկա տարիներին միջազգային շուկաներում արդեն հայտնի կլինի հայկական արտադրանքը»,-նշել է պատգամավորը: