Հրապարակվել է Իսակովի պողոտայում ձիու և քուռակի հայտնվելու դեպքի առնչությամբ ՆԳՆ պատասխանը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրառում է կատարել. «Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ-ում իմ կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ձեր խնդրանքին ի պատասխան՝ խոստացել էի, որ հետևողական կլինեմ և հունվարի 24-ին Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում ձիու և քուռակի հայտնվելու դեպքի առնչությամբ կդիմեմ ոստիկանություն:
Ստորև ներկայացնում եմ իմ գրությանը ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանից ստացված պատասխանը․
Հարգելի՛ տիկին Մանուկյան, Ձեր՝ 29.01.2024թ. թիվ 098/488-2024 հարցմանն ի պատասխան հայտնում եմ, որ 2024 թվականի հունվարի 24-ին Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում ձիու և քուռակի հայտնվելու դեպքի մասին ստացված ահազանգի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարի (քուռակին վրաերթի ենթարկելու) վերաբերյալ փաստական տվյալներ չեն ստացվել։
Միաժամանակ, ստուգողական աշխատանքների արդյունքում մի քանի աղբյուրից ստացվել են միանման և համադրելի տեղեկություններ առ այն, որ քուռակը վնասվածքներ է ստացել սայթաքելու և վայր ընկնելու հետևանքով, իսկ նշված կենդանիները պատկանել են երևանաբնակ Ա.Կ-ին, ով նրանց այլ կենդանիների հետ միասին պահում է «Դալմայի այգիներ» կոչվող տարածքում գտնվող անասնագոմում։ Կենդանիները նշված տարածքում հայտնվել են տիրապետողի անուշադրության պատճառով, ով դեպքի մասին տեղեկանալուց հետո եկել է դեպքի վայր և այնտեղից հեռացրել նրանց՝ տանելով հիշյալ անասնագոմ։
Նկատի ունենալով, որ քաղաքացի Ա.Կ-ի գործողությունների հետևանքով այլ անձանց գույքային կամ այլ բնույթի վնաս չի պատճառվել՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ստացված ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումները և դրանց արդյունքը տարածքային ստորաբաժանման կողմից գնահատվել է բավարար»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում ձին և վիրավոր քուռակն անօգնական վիճակում հայտնվել են փողոցում: Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված քուռակը սատկել է: