ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք տեսնում ենք խնդիրներն այն Սահմանադրության մեջ, որն ունենք․ Վահագն Ալեքսանյան
Մենք տեսնում ենք խնդիրներն այն Սահմանադրության մեջ, որն ունենք, և այդ խնդիրները բազմաթիվ են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Խնդիրներից առաջինը Սահմանադրության լեգիտիմությունն է, որովհետեւ ՀՀ քաղաքական դաշտում գրեթե բոլորը բացի ժամանակին եղած իշխանություններից, միշտ արձանագրել են, որ սահմանադրական հանրաքվեները անցկացվել են բազմաթիվ ընտրախախտումներով, ու ոչ մի պարագայում չի կարելի նման փոփոխություններով անցկացված Սահմանադրությունը համարել լեգիտիմ: Դա արդեն իսկ խնդիր է, որ ապրում ենք մի Սահմանադրությամբ, որը ոչ լեգիտիմ է:
Երկրորդը, Սահմանադրությունում կա փոփոխության, մտածելակերպի փոփոխության անհրաժեշտություն, կա ՀՀ որպես բացարձակ արժեք ամրագրման անհրաժեշտություն»,-ասել է նա:
Հարցին՝ Սահմանադրությունը փոխելը կապ ունի՞ Անկախության հռչակագրին հղումը հանելու հետ, նա արձագանքել է. «Այո, կետեր կան, որոնց մասին խոսում ենք, դրանց թվում է նաեւ Անկախության հռչակագրին հղումը: Մենք սրա մասին հանրության հետ բաց խոսում ենք, որքան էլ մանիպուլյացիաները, սուտն ու կեղծիքը շատ է, հատկապես կոնկրետ երկրից կառավարվող քաղաքական ուժերի կողմից: Միանշանակ է, որ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրություն, որը ծառայում է Հայաստանին, ոչ թե գրված է մի կայսրության թելադրմամբ, այդ կայսրության փլուզման պայմաններում, որպեսզի ականներ դրվի Հայաստանի տակ այնպես, որ եթե մի օր կայսրությունը որոշի, որ պետք է վերամիավորվի, այդ ականները աշխատեն:
Իմ տպավորությունն այնպիսին է, որ կան կետեր, որոնք ներդրված են:
Սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանը պետք է իրականացնի հայ ժողովրդի իղձերը: Հիմա թող ինչ-որ մեկն ինձ բացատրի, թե ինչպես պետք է Հայաստանը միաժամանակ բավարարի եւ ռուսաստանահայության, եւ ամերիկահայության իղձերը:
Արդյոք Հայաստանի պետության տեսնակյունից պետք է հավասարության նշան դրվի Հայաստանի քաղաքացիների իղձերի եւ այն մարդկանց իղձերի միջեւ, որոնք մեր հայրենակիցներն են, բայց ապրում են Հայաստանից դուրս: Ես կարծում եմ՝ նորմալ չէ այդ հավասարության նշան դնելը»:
Մանրամասները՝ տեսանյութում։