ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ՀՀ-ում գրեթե տենց թեմա չկա, որի հետ ես կապ չունեմ». Ալեն Սիմոնյան

ԱԺ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարց ուղղեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին։


Սիմոնյանն ասաց․ «Զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ բազմաթիվ վճիռներ են կայացվում։ Եվ նույնիսկ այն դեպքում, երբ դատարանը համաձայնում է, որ տեղի է ունեցել վիրավորանք, զրպարտություն, այնուամենայնիվ դատավորները խուսափում են փոխհատուցման մեծ չափ սահմանել։ Խոսքը չի գնում այն մասին, որ պատասխանող կողմին հնարավորինս շատ ծանր իրավիճակի մեջ դնեն, բայց կա մեկ այլ ծայրահեղություն, երբ չի փոխհատուցվում հայց ներկայացրած անձի ծախսերը՝ փաստաբանի ծախսը, պետական տուրքի ծախսը։ Բազմաթիվ այդպիսի գործեր կան, նաեւ իմ կողմից ներկայացված հայցերով, երբ դատարանն ուղղակի մինիմալ շեմ է սահմանում։ Շատ եմ ուզում այս հարցը բարձրացնել, կուզեմ ձեր կարծիքը լսել»։


«Ձեր հարցադրմանը ես արդեն ունեի իմ պատրաստի պատասխանը, բայց հենց դուք նշեցիք, որ նաեւ ձեր հետ կապված վեճերում կա որոշակի խնդիր, դա ինձ անմիջապես սահմանափակեց, որովհետեւ դա կդառնա որոշակի ազդեցություն միգուցե ընթացիկ ձեր գործերի հետ կապված։ Հետևաբար, ես զերծ կմնամ ավելի առարկայական խոսել ընդհանուր խնդրի մասին, որպեսզի սա որեւէ ձեւով չընկալվի որպես ճնշում Բարձրագույն դատական խորհրդի կամ անձամբ իմ կողմից դատավորների վրա։


Ես ուղղակի կարող եմ տեսական մի փոքր վերլուծություն անել և հայտնել հետևյալը․ դատավորն ունի հայեցողության շրջանակ, ընդ որում, այդ հայեցողության շրջանակն իրեն տվել է օրենսդիրը։ Ասել եք՝ կարող ես քննարկել, և ըստ գործի իրավիճակի հասկանալ՝ այդ վնասը, որը պետք է հատուցես մարդուն, ում արժանապատվությունը տրորվել է, դու պետք է որոշես՝ մինչեւ այսքան գումարի սահմաններում։ Եվ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի վրա է սա հիմնված, որ ամեն անգամ դատարանն ինքն է որոշում, թե տվյալ դեպքում խոսքի ազատությունը չարաշահող սուբյեկտը, իր ֆինանսական վիճակից ելնելով, ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվի։ Կարելի է այդ ներքին շեմը հստակեցնել օրենսդրությամբ, որը կօգնի դատավորին ավելի ճիշտ կողմնորոշվել իր հայեցողության շրջանակում»,-պատասխանեց Անդրեասյանը։


ԱԺ նախագահն էլ արձագանքեց․ «Ցավոք սրտի, իմ խաչը երևի ծանր է, որովհետև ՀՀ-ում գրեթե չկա տենց թեմա, որի հետ ես կապ չունեմ։ Բայց ես հասկանում եմ, որ դուք չեք կարող պատասխանել՝ ձեր իսկ կողմից նշված պատճառներով»։


Մանրամասները՝ տեսանյութում։  



Քաղաքականություն