ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 18 ավիահարված են հասցրել Եմենում
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հունվարի 23-ի գիշերը 18 ավիահարված են հասցրել Եմենի տարածքում: Այս մասին հայտնել է հուսիների «Անսար Ալլահ» ապստամբ շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա սոցիալական ցանցերը։
Սարիան պնդում է, որ Եմենի մայրաքաղաք Սանան ընդհանուր առմամբ 12 ավիահարվածի է ենթարկվել, ևս երեք հարված է հասցվել Հոդեյդա նահանգին, երկուսը՝ Թաիզ նահանգին, մեկը՝ Էլ Բայդա նահանգին:
Ավելի վաղ հուսիթների «Անսար Ալլահ» շարժման բարձրագույն հեղափոխական կոմիտեի ղեկավար Մուհամեդ Ալի Ալ Հուսին Վաշինգտոնին եւ Լոնդոնին խորհուրդ էր տվել ամեն րոպե պատասխան ակնկալել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները եւ Բրիտանիան հերթական հարվածներն են հասցրել Եմենի տարածքում շարժման ութ օբյեկտների ուղղությամբ:
Մինչ այդ Վաշինգտոնում և Լոնդոնում հայտարարել էին, որ ամերիկացի և բրիտանացի զինծառայողները, կատարելով իրենց կառավարությունների հրամանները և Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի և Նիդեռլանդների աջակցությամբ լրացուցիչ հարվածներ են հասցրել Եմենում հութիների ութ օբյեկտներին: