ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր ժամանակ 1 զորակոչի չներկայացածը վճարում էր 100 հազար դրամ, իմ առաջարկածով՝ 15 մլն դրամ․ Հայկ Սարգսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր հակիրճ ներկայացրեց, թե ինչու պետք է ընդդիմությունը կողմ քվեարկի իր հեղինակած օրենքի նախագծին։


Նրա խոսքով՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին, ծառայելով ԶՈւ-ում կամ գումար վճարելով, ազատվել քրեական պատասխանատվությունից։


«Եթե քաղաքացին ծառայի երկու տարի, գումար չի վճարի։ Եթե չցանկանա կամ չկարողանա ծառայել, ստիպված կլինի վճարել 15 մլն դրամ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք 2004 թ. ընդունված և Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին գործած այն օրենքի, երբ ծառայությունից խուսափած քաղաքացին վճարում էր ամեն բացակայած զորակոչի համար 100 հազար դրամ՝ ազատվելով պատասխանատվությունից։ Ձեր ժամանակ մեկ զորակոչի չներկայացածը վճարում էր 100 հազար դրամ, իմ առաջարկած տարբերակով պետք է վճարի 15 մլն դրամ, կամ 15 անգամ ավելի»,- ասաց նա։


Հիշեցնենք, որ քննարկվում է պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվել քրեական պատասխանատվությունից։

Քաղաքականություն