ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թենիսի կորտերի թեմայի շուրջ ճանճերի նման հավաքվածները որևէ դիվիդենտ չեն շահի․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ Օղակաձև զբոսայգու նորոգման ծրագրին, որի վերաբերյալ տարատեսակ քննարկումներ եղան վերջին օրերին:


Նա նշեց, որ Օղակաձև այգին միակ հանրային տարածքն է, որն ունի Փոքր Կետրոնը, և այդ տարածքը պետք է վերականգնվի որպես հանրային այգի։


«Ներկայացված ծրագիրը թենիսի ակումբի քանդման ծրագիր չէ, Օղակաձև այգին Երևանի փոքր կենտրոնի միակ երևելի կանաչ տարածքն է, հետևապես դրա փուլային վերականգնումը որպես կանաչ հանրային տարածք մեզ համար գերակայություն է և առաջնահերթություն, բուն ծրագիրը առաջին հերթին վերաբերում է տարատեսակ ռեստորաններին, սրճարաններին և տաղավարներին, որոնք վերանալու են` տարածքը դարձնելով հասանելի կանաչ տարածք` նորարարական լուծումներով: Ես ինքս դեռ 1996-ից մինչև 2022 թթ. «Արարատ» ակումբում պարապել եմ, դա Երևանում իմ ամենասիրելի վայրերից մեկն է, բայց այստեղ հարցը ոչ թե մեր անձնակյան նախասիրությունների մասին է, այլ հանրային շահի»,- ասաց Ավինյանը։


Քաղաքապետը վստահեցրեց, որ թենիսի կորտերի խնդիրը կլուծեն՝ հաշվի առնելով այն հետաքրքրությունը, որը Երևանում կա թենիսի նկատմամբ։


«Լուծումներն այստեղ մեզ համար շատ պարզ են, «Արարատ» ակումբին անպայման տրամադրվելու է տարածք, այն շարունակելու է գործել, և մենք դա ապահովելու ենք, պետք է ապահովենք, որ այդ ծրագիրը արվի նախքան կորտերի տեղափոխումը, այսինքն` պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, նոր անցնենք քանդման աշխատանքներին, իսկ ինչ վերաբերում է կանաչ տարածքների վերականգնմանը, այս հատվածում էլ պետք է տարատեսակ շենք-շինություններ քանդվեն, որ տարածքը վերադարձվի երևանցիներին, պարզապես աղմուկը այստեղ շատ էր, բոլոր տեսակի պսևդո-մասնագետներ սկսեցին անդրադառնալ այս հարցրին, անգամ հասան գնահատականի, որ սա կոռուպցիա է: Բոլոր նրանց, որ ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որ քաղաքական դիվիդենտներ շահեն, ասեմ` չի ստացվի»,- նշեց նա:


Հիշեցնենք՝ քաղաքային իշխանությունը հայտարարեց, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան ընկած տարածքում վերակառուցում սկսելու ու թենիսի կորտերը քանդելու մասին կառավարության որոշման նախագիծ են պատրաստում, որով տարածքը հանրային գերակա շահ են ճանաչելու:


Մանրամասները՝ տեսանյութում։