Իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով Արցախը լուծարվում է․ Դավիթ Գալստյան

Դեկտեմբերի վերջին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը կառավարության անդամների և պատգամավորների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Արցախի լուծարման որևէ փաստաթուղթ իրավական դաշտում գոյություն չունի, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Արցախի լուծարման փաստաթուղթը չեղարկված է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։


«Երբ Սամվել Շահրամանյանը նման արտահայտություն է անում, որ իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով Արցախը լուծարվում է, սա հիմք է մտածելու, որ այո՛, այսպես կոչված այդ փաստաթուղթն այլևս գոյություն չունի, չեղակված է, և Արցախի Հանրապետությունը գոյություն ունի և գործում է՝ անկախ այդ թղթից»,- ենթադրում է արցախցի պատգամավորը։


Դավիթ Գալստյան Շահրամանյանի հրավիրած խորհրդակցությանը ներկա է եղել, Արցախը լուծարելու որոշմումը չեղարկելու ենթադրյալ փաստաթուղթը չի տեսել, բայց պնդում է, որ Արցախը չի լուծարվել։


«Մենք հենց առաջին օրվանից էլ ասում էինք, որ այդ փաստաթուղթը հիմք չէ Արցախի և պետական ինստիտուտների լուծարկմանը։ Ինչ- որ մարդիկ դա ներկայացնում էին որպես փաստաթուղթ և, հիմք ընդունելով ասում էին, որ Արցախն այլևս գոյություն չունի։ Ի դժբախտություն այդ մարդկանց՝ Արցախի Հանրապետությունը գործում է»,- ընդգծեց նա։


Նշենք, որ, ըստ մամուլի տեղեկությունների, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու որոշում է ստորագրել։ Ըստ լրատվամիջոցի՝ որոշումը ստորագրվել է դեկտեմբերի 10-ին, իսկ պատճենն ուղարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։


Tert.am-ը վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին փորձեց ճշտել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը ստացել է Շահրամանյանի՝ Արցախի լուծարման ենթադրյալ հրամանագիրը չեղարկելու որոշումը։ Փաշինյանի խոսնակը խոստացավ հարցի վերաբերյալ ավելի ուշ տեղեկություն հայտնել։