
Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու մասին

Երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման գործընթացում, բայց հիմա քննարկման սեղանին են մի շարք կոնկրետ գործողություններ և ծրագրեր։ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ ծրագրերի մի մասը բխում են ՀՀ-ԵՄ միջև գործող SEPA պայմանագրից, և մի շարք ծրագրեր պայմանագրից դուրս են։
«Հնարավորություն ունեցանք քննարկելու այդ հարցերը և՛ Եվրոպական Միության ուղարկած գնահատման առաքելության այցի շրջանակներում, և՛ մեկ ամիս առաջ նրանց հետ հանդիպումների ժամանակ, և՛ Բրյուսել կատարած իմ այցի ժամանակ, երբ պատիվ ունեցա մասնակցելու ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը, շփվել իմ գործընկերների հետ, այդ թվում՝ Հունաստանի ջանքերով և նախաձեռնությամբ»,- նշեց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այդ աշխատանքներն ու ջանքերը շարունակական են։ Հայաստանը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները բոլոր ոլորտներում՝ համոզմունքով, որ այդ բարեփոխումներն իրենց հերթին Հայաստանն ավելի են մոտեցնում Եվրոպական Միությանը։
«Այժմ Հայաստանի համար հատկապես անվտանգային հարթության վրա կենսական, չափազանց կարևոր նշանակություն ունի ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը»,- ասաց նախարարը։
Ըստ նրա` սա ևս մեկ գործոն է, որն անվտանգություն և խաղաղություն է ապահովում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագոտում, և համագործակցության մի ոլորտ, որը ևս ենթակա է զարգացման։
Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսն իր հերթին նշեց, որ Հունաստանը պատրաստակամ է սատարելու Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանը։
Անդրադառնալով Հունաստանի ջանքերին, որոնց շնորհիվ նաև Միրզոյանը մասնակցեց ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը, հույն նախարարը նշեց, որ նման հանդիպումները կազմակերպելու նախաձեռնությունները շարունակական են լինելու։
«Մենք շարունակաբար կկազմակերպենք նման հանդիպումներ մեր արժեքները կիսող անդամ պետությունների հետ, ինչպիսին են Ֆրանսիան և Կիպրոսը։ Կարծում եմ՝ կարևոր է շարունակաբար շեշտադրել Հայաստանի մասին եվրոպական տեսակետը։ Սա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի ապագայի՝ նպաստելու հայ ժողովրդի բարեկեցությանը, այլև սա կարևոր է նաև Եվրոպայի համար։ Կարծում ենք, որ Հայաստանը Եվրոպայի մի մասն է, պատմական կապեր կան»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Հունաստանը հավատացած է, որ Հայաստանի ու հայ ժողովրդի բարգավաճումը կարող է լինել Եվրոպայի հետ։