
ՀՀ-ում կփակեն այն դյութի ֆրիները, որոնք որակի չափանիշներին չեն համապատասխանում

Հայաստանում կսկսեն փակել որակի չափանիշներին չհամապատասխանող դյութի ֆրի խանութները։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ այդ չափանիշները պետք է մշակի պետությունը, և այն ընկերությունները, որոնք կհամապատասխանեն դրանց, կներառվեն դյութի ֆրի առևտրի սուբյեկտների ռեգիստրում։ Նման ռեգիստրներ, ԵԱՏՄ կանոնների համաձայն, պետք է ստեղծեն միության բոլոր երկրները։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ գործող խանութների համար նախատեսված կլինի անցումային շրջան, որի ընթացքում նրանք իրենց աշխատանքը պետք է համապատասխանեցնեն ստանդարտներին, այլապես որոշակի պահից նրանք այլևս չեն կարողանա աշխատել։
Բացի այդ, առաջարկվում է մաքսային հսկողության գոտիներում (օդանավակայաններ և ցամաքային անցակետեր) տարածքային արտոնություններ սահմանել նման խանութների համար և առևտրային գործունեության իրականացումը կազմակերպել կառավարության սահմանած մրցույթի հիման վրա։
Համապատասխան որոշումը կառավարությունը մտադիր է ընդունել առաջիկայում՝ օրինագծի ընդունումից հետո։