Քադիրովն ԱՄՆ–ին առաջարկել է իր հարազատների և ձիերի վրայից հանել ամերիկյան պատժամիջոցները ուկրաինացի գերիների դիմաց
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն առաջարկել է ազատ արձակել գերի ընկած ուկրաինացի զինվորականներին՝ իր ընտանիքի անդամների նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու դիմաց։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Գրոզնիում իրավապահների կազմավորման ժամանակ, ուր ժամանել է իրաքյան զանգվածային ոչնչացման զենքերի վերացման մոնիթորինգի գծով ՄԱԿ-ի նախկին տեսուչ Սքոթ Ռիտերը։
«Մենք ունենք գերիներ, որոնց վերցրել ենք Դոնեցկում և Լուգանսկում։ Ես փոխանցում եմ մեր հյուրին (ռազմագերիների ցուցակը). Եթե նրանք հանեն պատժամիջոցները մորս, իմ աղջիկների, անմեղ մարդկանց, ձիերի վրայից, բացի ինձնից, ..., ապա մենք կհրաժարվենք այդ մարդկանցից», - մեջբերում է գործակալությունը Քադիրովի խոսքերը։
ՏԱՍՍ-ը պնդում է, որ Ռիտերին ցուցադրել են գերի ընկած ուկրաինացիների տեսանյութը, որում նրանք հայտնում են, որ եթե պատժամիջոցները չեղարկվեն Քադիրովի սիրելիների, նրա ինքնաթիռների և ձիերի նկատմամբ, 20 ուկրաինացի զինվոր կվերադառնա տուն։
Գործակալությունը նշում է, որ Քադիրովի առաջարկը դատապարտվել է որոշ ռուս «ռազմական թղթակիցների» կողմից։ «Այս նորություններում ամեն ինչ լավ է, պարզապես հիանալի, չնայած այն հանգամանքին, որ դա մաքուր ասիականություն է և կենդանի ապրանքների հետ ձեռնածություն: Միակ վատն այն է, որ կրկին Ռուսաստանում փորձեր են արվում պետությունից վեր լինել։ Բաց և ցուցադրաբար»,- գրել է «ռազմական թղթակից» Յուրի Կոտենոկը։