
Կներեք, «զուբրիդ» արած տեքստն ուրիշ է, տեքստին տիրապետելն ուրիշ է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Նշվել է, որ ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման շրջանակում շարունակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը. 2023 թվականին կամավոր ատեստավորմանը մասնակցել է մոտ 4200 ուսուցիչ: Ընդհանուր առմամբ, գործընթացի ներդրման երեք տարիների ընթացքում ատեստավորվել է 3830 ուսուցիչ, որոնք վարձատրվում են բարձրացված՝ 200.000 դրամ դրույքաչափով, և ըստ ցուցաբերած արդյունքների, ստանում հավելավճար՝ 30-50%:
Առաջին անգամ իրականացվել է նաև արտադպրոցական մանկավարժների կամավոր ատեստավորումը, որի արդյունքում ատեստավորված 44 մասնագետներն ստանում են լրավճար:
Խոսելով ատեստավորման գործընթացի կարևորության մասին՝ վարչապետը նշել է.
«Գիտելիքի և բովանդակության խորքն է շատ կարևոր: Կներեք, «զուբրիդ» արած տեքստն ուրիշ է, տեքստին տիրապետելն ուրիշ է: Ի՞նչն է խնդիրը: Հասկանո՞ւմ եք, երբ կրթության ոլորտի մարդիկ ասում են՝ գիտեք ինչ, եկեք այս 3 հարցին պատասխանեմ, այն 50 հարցը թեմայի հետ կապ չունի, գուցե ճիշտ է, բայց ինչ-որ բան կա, մեզ համար դիսկոնֆորտ կա, որովհետև մենք ուզում ենք գիտելիքի խորքն իմանալ: Մենք աշակերտի համար ենք դա անում: Աշակերտներ կան, հույս ունենք, որ կշատանան այդ աշակերտները, որոնք այդ շրջանակի մեջ չեն, իրենք ընկալում են և այնպիսի հարցեր են տալիս: Ես կարծում եմ, որ դա մեծ ողբերգություն է և մեծ դեմոտիվացիա է աշակերտի համար, եթե ինքը հարց է տալիս ուսուցչին և հասկանում է, որ ուսուցիչը բացարձակապես գաղափար չունի իր տված հարցի հետ: Ոչ ոք ամեն ինչ չի կարող իմանալ, բայց դասի ընթացքում մտքի աշխատանք պետք է տեղի ունենա, և այն, ինչ չգիտես, պետք է նաև դա իմանաս, թե ոնց հարաբերվես: Եվ այստեղ գիտելիքի խորքի խնդիր կա»:
Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ավելի վաղ կարծել է, թե դասվարներից ոչ ոք թեստային աշխատանքից չի կտրվի.
«Փաստը ցույց տվեց, որ չէ, 1-4-րդ դասարանների դասվարներ կան, որ կտրվում են: Այդտեղ մտածում ես՝ առարկայի ծրագրի ի՞նչ հարցեր պետք է տրվեն, որ բարդ լինի ուսուցչին պատասխանել»:
Արձագանքելով՝ վարչապետը հավելել է. «Հասկանո՞ւմ եք դա ինչ է նշանակում: Մեր տարրական դպրոցի ուսուցիչն ատեստավորումից կտրվում է: Իմ խնդիրը ոչ ուսուցիչն է, ոչ կտրվելը, իմ խնդիրը երեխան է: Ի՞նչ ենք անում, երեխայի ապագայի վրա ի՞նչ ազդեցություն ենք ունենում նման անպատասխանատվությամբ»:
Նախարարի խոսքով՝ փաստը մնում է փաստ, որ կամավոր ատեստավորումը ախտորոշում է ուսուցիչների հետ կապված խնդիրները, որքան էլ դա դուր չգա: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ատեստավորմանը չմասնակցելու դիմադրությունը նաև հենց դրանով է պայմանավորված: