Որքան գումար է ծախսում ՀՀ-ն՝ դատապարտված սիրիացի վարձկան-ահաբեկիչներին պահելու համար
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ զինծառայողների կողմից բռնված, հետագայում դատապարտված սիրիացի վարձկան-ահաբեկիչներն իրենց պատիժը կրում են բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Նշվում է, որ նրանց Սիրիա արտահանձնելու մասին խոսք չկա։
«Հետագա պատիժը կրելու նպատակով Սիրիայի Արաբական Հանրապետություն տեղափոխվելու մասին խնդրանք ներկայացնելու, ինչպես նաև ներման խնդրագիր ներկայացնելու մասին տեղեկատվություն առկա չէ»,- նշված է պատասխանում։
Քրեակատարողական ծառայությունից նաև հայտնում են, որ յուրաքանչյուրի պահման համար օրական միջինը ծախսվում է 12900 դրամ՝ ներառյալ բոլոր տեսակի ծախսերը։ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական ապահովման բաժնի տեղեկանքի համաձայն՝ այսքան գումար է ծախսվում ՀՀ ՔԿՀ-ներում պահվող կալանավորված, դատապարտված անձանց պահման համար։
Հիշեցնենք, որ Հայաստանում 2 սիրիացի վարձկան–ահաբեկիչ էր բռնվել 2020 թվականին։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ ալ–Շխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Ալաբեդ ալ–Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք ցուցմունք էին տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։ Քրեական գործով ձեռք բերված և գնահատված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին։