
Էյֆելյան աշտարակը դադարել է այցելուներ ընդունել

Էյֆելյան աշտարակը դադարել է այցելուներ ընդունել ֆրանսիացի ինժեներ Գյուստավ Էյֆելի մահվան 100-րդ տարելիցի օրը աշխատակիցների գործադուլի պատճառով: Այս մասին ասվում է Փարիզի տեսարժան վայրի կայքում: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Աշխատակիցների գործադուլի պատճառով Էյֆելյան աշտարակը ներկայումս փակ է։ Հայցում ենք ՁԵր ներողամտությունը պատճառած անհարմարության համար: Մուտքը հրապարակ բաց է և անվճար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Էյֆելյան աշտարակը կառուցվել է Ֆրանսիայի կառավարության պատվերով 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի համար՝ ինժեներ Գուստավ Էյֆելի նախագծով և այդ ժամանակ դարձել է աշխարհի ամենաբարձր կառույցը։ Սկզբնապես աշտարակը նախատեսվում էր թողնել 20 տարի, այնուհետև ապամոնտաժել, քանի որ Փարիզցիներից շատերին դուր չի եկել դրա դիզայնը, բայց տարիների ընթացքում այն դարձել է Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշը: