
Ինչու են ավտոբուսի վարորդները կանգնել և դադարեցրել երթևեկը․ պարզաբանում

Երեկ երեկոյան Երևանում ձյան տեղումներից հետո Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտոբուսները կանգնել են ու առաջ չեն շարժվել։ Ֆեյսբուքյան օգտատեր Նառա Վարդանյանը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են մարդիկ իջնում ավտոբուսներից ու փորձում ինչ -որ կերպ հասնել տուն։
Իրավիճակի հետ կապված՝ պարզաբանում ստանալու համար, Auroranews-ը զրուցեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանի հետ։
«Բոլոր ավտոբուսների անվադողերը նոր են՝ համասեզոնային (всесезонные): Թեկուզ լինեն ձմեռային, մի պահ մերկասառույց է եղել, վարորդը ռիսկի չի դիմել: Նման իրավիճակում կարող էր շատ ավելի վատ բան լինել, մեծ մեքենա է, խուսափել են կոտրել կամ վնասել, ուղեւորների կյանքը վտանգել: Կարծում եմ վարորդը սխալ բան էլ չի արել»,-ասաց նա։
Մանուկյանի խոսքով՝ պետք է ճանապարհները մաքուր լինեին: Մի գուցե ինչ որ մի պահ ուշացել է նաեւ աղն ու ավազը:
Ինչ վերաբերում է 100 դրամը վճարելու դժգոհությանը, ապա ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն ասաց. «Ինչ մնում է նրան, որ 100 դրամները վերցրել են ու տեղ չեն հասցրել, հիշեցնեմ, որ ուղևորները ավտոբուս բարձրանալիս անմիջապես վճարում են գումարը»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը առատ ձյան պատճառով Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտոբուսները կանգ են առել, վարորդները հրաժարվել են շարունակել երթևեկությունը, ուղևորները վճարել են 100 դրամները, բայց ստիպված են եղել ոտքով գնալ տուն։