ՀԱՄԱՍ-ը փլուզման եզրին է․ Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը փլուզման եզրին է։ Այս մասին գրում է The Times of Israel-ը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:


Գալանտը նշել է, որ ՑԱԽԱԼ-ը մոտենում է Գազայի հատվածի հյուսիսում բեկում մտցնելուն։ Նրա խոսքով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում հարյուրավոր մարտիկներ հանձնվել են իսրայելցի զինվորներին:


«ՀԱՄԱՍ-ի զինյալները զանգվածաբար հանձնվում են, ներառյալ նրանք, ովքեր մասնակցել են հոկտեմբերի 7-ի հարձակումներին, մինչդեռ իսրայելական ուժերը սեղմում են օղակը Գազայի հատվածում՝ Ջաբալիայում և Շեջայայում, իսլամիստների վերջին հենակետերըի շուրջ»,-նախարարի խոսքերն է մեջբերում Yedioth Ahronoth լրատվականը:


«Արմատականները մոտ են ձախողմանը։ Հանձնվողների թիվը շատ խոսուն է իրավիճակի մասին։ Դուրս գալով բունկերից՝ նրանք խոստովանում են, որ զենքի և սննդի պակաս ունեն»,- ասել է Գալանտը։


Ավելի վաղ ռազմական գերատեսչության ղեկավարը հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում գործողության ընթացքում սպանել են ՀԱՄԱՍ-ի հետ կապված զինված կազմավորումների «հազարավոր զինյալների և հարյուրավոր հրամանատարների»։ Նաև, ըստ Գալանտի, Գազայի հատվածում ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի բազմաթիվ ենթակառուցվածքներ՝ «թունելներ, ռազմական ենթակառուցվածքներ, զինամթերքի պահեստներ»: Բացի այդ, զինվորականները հարյուրավոր համակարգիչներ են ձեռք բերել, որոնցից հետախուզական տվյալներ են հանել, հավելել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ