ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գոռում էինք՝ հրդեհ է, դուրս եկեք»․ հրդեհից զոհված 15 զինվորի գործով նիստին հարցաքննվում է տուժողը
Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով հարցաքննվում են գործով տուժողները։
NEWS.am-ը հայտնում է, որ այժմ դատարանում հարցաքննվում է տուժող Լևոն Խառատյանը։ Նա հայտարարեց, որ ճանաչում է դատավարության կողմերին։
Անդրադառնալով հրդեհի դեպքին՝ Խառատյանը պատմեց․
«Ամսի 18-ին մինչև էդ դեպքը մենք զորամասում ական էինք տեղափոխում, հետո արդեն գնացել ենք մեր հիմնական վայրը, որտեղ որ ապրում էինք, այդտեղ արդեն ամեն մեկն իր գործող էր զբաղվում, հիգիենա, լվացվել և այլն։ Այդ ժամանակ աղոթեցինք, հետո որ ես պետք է հերթապահ կանգնեի, պետք է Հայկ Կիրակոսյանին փոխեի, գնացել, փոխվել ու Ռազիկի հետ Հայկին փոխել ենք։ 10 – 20 րոպե չանցած մտնում եմ ներս, չեմ հիշում՝ ինչ պատճառով եմ մտնում ներս, Եղիշեն ասում է՝ գնամ, փայտ բերեմ, գնում եմ, փայտ եմ բերում, հետո ասում է՝ վառելիք բերեմ, ասում եմ՝չգիտեմ կոնկրետ տեղը, ինքն էլ ասում է՝ Վաղոյին կամ Արսենին ասեմ, իրենցից մեկին եմ զանգում, ասում եմ, իրենք էլ չեմ հիշում՝ ինչ են պատասխանում։ Հետո տարածքով պտտվելիս մտնում եմ ներս, որ թեյ վերցնեմ, մուտքի մոտ տեսնում եմ, որ Եղիշեի ձեռքն է վառվում, ննջասենյակի դեմը վառվում է, բռոնի ժիլետս հանում եմ, զինվորական բաճկոնով փորձում եմ հանգցնել, ընթացքում անընդհատ գոռում էինք՝ տագնապ է, հրդեհ է, դուրս եկեք։ Բոցը շատ ուժեղ էր, ես ինձ գցում եմ ձյան մեջ։ Մի քանի հոգի լուսամուտի մոտ էին, ուզում էին մարդ հանել, մի հոգի հիշում եմ, որ դուրս եկավ, Գարուշն էր, մեկն էլ 07-ով տարան հոսպիտալ, հետո արդեն կոմայի մեջ եմ եղել 4 օր»։
Տուժողը նկարագրեց, թե ինչպիսի՞ կառուցվածք ուներ տունը, որտեղ իրենք ապրում էին․
«Ունեինք չուլան, որտեղ մեր գործիքներն էինք դնում, ունեինք խոհանոց, որը առանձին բուտկա էր, մեկ էլ մեր տունը, որը մտնում էինք սկզբում փոքր միջանցքի նման տեղ էր, որտեղ բատինկաներն էինք հանում-հագնում, շորերն էնք կախում, միջանցքի աջ կողմում դուռ կար, որտեղ մեր զալն էր, դռնից աջ էլ՝ ննջասենյակն էր։ Գետինը, դռները փայտից էին, մենք զալը դեկտեմբերին նորոգել էինք, պաստառներ էինք փակցրել, պատը քարից էր, որ գնացել եմ, նախորդ ծառայողները նաև նորոգել էին լոգարանը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Դեպքից հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։