
Ով է «Խաղաղության խաչմերուկ»-ում Հայաստանի համախոհը․ նախագահը մանրամասնել է

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ որոշ ժամանակ հետո Հայաստանը կունենա համախոհներ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու հարցում։ Այս մասին ՀՀ նախագահն ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։
«Ես կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո, մենք կունենանք նաև համախոհներ, որոնք կցանկանան ներդրումներ անել այդ ծրագրի (խմբ․ «Խաղաղության խաչմերուկ») իրագործման մեջ մասնակցություն ունենալու համար»,- ասել է նախագահը։
Նա նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի հարցում Հայաստանն այս պահին էլ ունի համախոհ՝ հստակեցնելով, որ խոսքը ԵՄ-ի մասին է։ «Կարող եմ ասել, որ նրանք պատրաստակամ են։ Միայն մենք մասնագիտական առումով աշխատանք ունենք անելու»,- հավելել է նախագահը։
Վահագն Խաչատուրյանը նաև հիշեցրել է, որ օրերս Երևանում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի թեմայով քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են փորձագետներ Իրանից, Հնդկաստանից, Վրաստանից, Թուրքիայից։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները շատ կարևոր են․ «Ամեն ինչ այսպես է ծնվում։ Այնպես չի լինում, որ ասես՝ «ես լավ գաղափար ունեմ, ինչո՞ւ ոչ ոք չի լսում»։ Այդպես չի լինում։ Պետք է կարողանալ այդ ամենը մատուցել»,- մանրամասնել է ՀՀ նախագահը։
Նա նաև հավելել է, որ Հայաստանը պետք է կարողանա «Խաղաղության խաչմերուկ»-ի շարունակությունն էլ տեսնել դեպի տարբեր ուղղություններ, ինչի շնորհիվ այդ նախագիծն ավելի գրավիչ կարող է լինել։