Ինձ ուղիղ ասվել է՝ «պետք է գնաս, և մեր մարդը պետք է լինի քաղաքապետ». Թամազյան

Ոչ մի իրավական հիմք չկա իմ նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ապրելու երկիր» կուսակցության քվոտայով Ալավերդի համայնքի ղեկավար ընտրված Արկադի Թամազյանը:


Արկադի Թամազյանը պարզաբանեց, որ դեռ 1-2 ամիս առաջ «Ապրելու երկիր» խմբակցությունը իմպիչմենթի գործընթաց սկսել (ֆիկտիվ-խմբ), որը, բնականաբար, ավարտին չի հասել, որից հետո օրենքի ուժով մեկ տարի իրավունք չունեն իմպիչմենթի գործընթաց սկսելու. «Սակայն գործընթացն սկսել են այն պարագայում, երբ մեր խմբակցության մեկ անդամի կարողացել են առնետավազքով իրենց մոտ տանել, այսինքն արդեն մեծամասնություն են կազմում եւ փորձում են այդ տարբերակով զավթել իշխանությունը»,-ասել է նա:


Թամազյանի խոսքով, հենց սկզբից եւ մինչ օրս ՔՊ խմբակցությունը խնդիրներ է ստեղծում քաղաքապետարանի աշխատանքի համար. սկզբում չներկայանալով երդմնակալության նիստերին, հետագայում նաեւ անիմաստ ստուգումներով փորձելով քրեական գործեր հարուցել: «Մի քանի ամիս ավագանու նիստեր չեն կայացել: Մինչեւ հիմա այդ կոլապս վիճակն են առաջացրել ՔՊ խմբակցության անդամները:


Իհարկե, դա ազդում է քաղաքային իշխանության աշխատանքների վրա: Ինչքան էլ ուզենանք լավ աշխատել, ավագանու որոշումներ չկայացնելը խնդիրներ է առաջացնում եւ քաղաքացիների համար, եւ համայնքի: Ծրագրեր չենք կարողանում իրականացնել, ֆինանսական միջոցներ չենք կարողանում համայնքում տեղաբաշխել, սուբվենցիոն ծրագրեր իրականացնել»,- ասել է Թամազյանը:


Նա հայտարարել է, որ ՔՊ-ն պարզապես ցանկանում է, որ քաղաքապետն իրենց մարդը լինի, անգամ իրեն ուղիղ ձեւով ասվել է՝ «պետք է գնաս, եւ մեր մարդը պետք է լինի»:


«Բայց հո իրենց ուզելով չի, դա ժողովուրդն է ուզում: Մինչեւ վերջերս ստվերային գործընթացը ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն էր ղեկավարում, հիմա չեմ կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում, իրենց մոտ էլ խմորումներ կան: Հիմա Դավիթ Ղումաշյանն է, նախկին ՀՀԿ-ական, Շնող խոշորացված համայնքի ղեկավարը: Իր վրա բազմաթիվ քրեական գործեր կար: Հիմա քանի որ Արեն Մկրտչյանը ավագանու մանդատից հրաժարվել է, Ղումաշյանին են առաջադրել եւ իրեն են ուզում դարձնել քաղաքապետ»:


Արկադի Թամազյանը վստահեցրել է, որ պայքարելու է մինչեւ վերջ. «Ամենակարեւորն այն է, որ ժողովուրդն է ընտրել մեզ, ժողովուրդն էլ չի թողնի, որ որեւէ մեկն իր քվեն գողանա: Ինձ տարբեր առաջարկներ արվել են, որ հրաժարվեմ պայքարից, բայց ես մերժել եմ»:


Հիշեցնենք` Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունն անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին:


Քաղաքականություն