Ինչ են քննարկել Բայդենն ու Սի Ծինփինը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային: Այս մասին նշվում է բանակցություններից հետո Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ։


«Նախագահ Բայդենը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները դաշնակիցների և գործընկերների հետ միասին կշարունակի աջակցել Ուկրաինային»,- ասվում է հայտարարության մեջ։


Բայդենը նշել է, որ այդ աջակցությունն անհրաժեշտ է «ապահովելու, որ Ուկրաինան դուրս գա հակամարտությունից՝ որպես ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան և բարգավաճ ժողովուրդ, որը կարող է պաշտպանել իրեն»։


Բայդենը նաև կրկնել է, որ ԱՄՆ-ն դեմ է ստատուս քվոյի ցանկացած միակողմանի փոփոխությանը կողմերից որևէ մեկի կողմից: «Մենք անհամբեր սպասում ենք Թայվանի նեղուցի երկու կողմերում առկա տարաձայնությունների խաղաղ ճանապարհով լուծմանը»,– ասել է նա:


Նախագահը «զսպվածության կոչ է արել ՉԺՀ-ի կողմից Թայվանի նեղուցում և նրա շրջակայքում ռազմական գործողությունների կիրառման հարցում»:


Սպիտակ տունը նշել է, որ Բայդենը «ընդգծել է Միացյալ Նահանգների աջակցությունը ազատ և բաց հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանին»։