«Ալրաղացի Լյովիկի» գործով վճիռը բեկանվել է․ ինչ է հայտնի. ԶԼՄ
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի դատավճիռը և գործը նոր քննության ուղարկել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»–ն:
«Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն քրեական գործով դատավճռի կայացման հիմքում բացի քրեական գործով ձեռք բերված ապացույցներից դրվել է նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով 2011 թվականի մայիսի 24-ին կայացված դատավճիռը: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ նշված դատավճիռը սույն քրեական գործի լուծման համար ունեցել է կոնկրետ նշանակություն՝ հաշվի առնելով նաև դատական նիստի ընթացքում մեղադրողի արտահայտած դիրքորոշումն առ այն, որ ավազակության փաստը սույն գործով ապացուցելու անհրաժեշտություն չկար, քանի որ այն հաստատված էր թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած 2011 թվականի մայիսի 24-ի դատավճռով:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հատկապես թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական
գործով 2011 թվականի մայիսի 24-ին կայացված դատավճռի նման նշանակություն տալու պայմաններում
բողոքաբերի պնդումներն առ այն, որ այդ գործով դատական նիստերի քարտուղար հանդիսանալու
հանգամանքը կարող էր էական ազդեցություն ունենալ այլևս որպես նախագահող դատավոր ապացույցները
գնահատելու և ներքին համոզմունքի ձևավորման գործընթացի վրա, ողջամիտ դիտորդի տեսանկյունից
ձևավորելով անկողմնակալ չերևալու տպավորություն, հիմնավորված են:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև սույն քրեական գործով
նախագահող դատավորի կողմնակալ լինելը կասկածի տակ դնող որևէ փաստական տվյալ առկա չէ,
այնուամենայնիվ, նախագահող դատավոր Տ.Գրիգորյանը, չբացահայտելով թիվ ԵԿԴ/0012/01/10
քրեական գործով դատական նիստի քարտուղար հանդիսանալու հանգամանքը, կողմերին չի տրամադրել
բավարար երաշխիքներ՝ բացառելու սույն քրեական գործով իր՝ կողմնակալ երևալու վերաբերյալ
կասկածները:
Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն դատավճիռը կայացվել
է առանց վարույթին նախագահող դատավորի մասնակցությունը ենթադրաբար բացառող հանգամանքի
առկայությունը մինչև դատաքննության սկիզբը կողմերի համար բացահայտելու՝ Վերաքննիչ դատարանը
գտնում է, որ դատավճիռն անաչառ երևացող (ընկալվող) դատարանի կողմից կայացված լինելու
հանգամանքը կասկած է հարուցում, ուստի այն պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝
այլ կազմով նոր քննության։ Հաշվի առնելով, որ դատավճիռը բեկանվում է քննարկվող հիմքով՝
նոր քննությունը կարող է և պետք է իրականացվի ողջ ծավալով»,- նշված է Վերաքննիչ դատարանի
դատական ակտում:
Վերաքննիչ դատարանը նաև անփոփոխ է թողել ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները։ Հոկտեմբեր ամսին ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը։ Զեկուցող դատավոր է Համլետ Ասատրյանը։
Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում՝ 2019 թվականի նոյեմբերի 21-ին։ Նա Հայաստան է տեղափոխվել օգոստոսի 6-ին, գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։ Լևոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 14 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։ Ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերին։
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը, որը, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը: Գործով մյուս մեղադրյալը՝ Սուրեն Ղազարյանը մեղադրվում է Լևոն Սարգսյանին օժանդակելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ առաջիկա նիստին. ԱԽ քարտուղարի պարզաբանումը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում պարզաբանել է, թե ինչու Հայսատանը չի մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգ...
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով: Ինչպես...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանում առաջին անգամ անցկացվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով
Այս օրերին Հայաստանում են գտնվում Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի շուրջ 57 երկրներից ժամ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի 50 մետրանոց լուսատու խաչը. monumentwatch–ի անդրադարձը
Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս մասին գրում է m...