
Ուրիշները չեն որոշում՝ մեզ ինչ է պետք․ Արմեն Գրիգորյանը՝ ֆրանսիական զրահամեքենաների գնման մասին

Հայաստանի ու Ֆրանսիայի համագործակցության թեմաներից մեկը հենց «Բաստիոն» զրահապատ մեքենաներն ունենալն էր։ Այս մասին Հանրայինի եթերում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Անդրադառնալով Ֆրանսիայից գնված զինտեխնիկային թեմային՝ Գրիգորյանը նշեց․ «ես շատ ուրախ եմ, որ Ֆրանսիայի հետ այս առումով մենք մեծ առաջընթաց ենք ունեցել և առջևում նաև ավելի լայն համագործակցությունն է Ֆրանսիայի հետ հենց անվտանգության ոլորտում»։
Մամուլում լուրեր էին տարածվել, որ զրահամեքենաները որակյալ չեն, պաշտպանական թույլ շերտ ունեն, ինչպես նաև այն մասին, որ ավելի վաղ դրանք Ուկրաինա տանելու անհաջող փորձեր են եղել, իսկ Ուկրաինայի հրաժարականից հետո նոր միայն Հայաստան բերել։
Այս թեմայի առնչությամբ՝ ԱԽ քարտուղարը հայտնեց, որ հայկական կողմը Ֆրանսիայի հետ բանակցել է հենց այս զրահամեքենաների գնման շուրջ։
«Թեմայի երկրորդ մասով կարծում եմ, որ ավելի շատ պրոպագանդիստական նպատակներով օգտագործվող թեմա է։ Մենք Ֆրանսիայի հետ բանակցությունները սկսել ենք հենց այս զրահամեքենաներն ունենալու համար։ Մեր պաշտպանական համակարգը գնահատել է, որ դա մեզ անհրաժեշտ է, դրա կարողությունները մեզ բավարար են։ Մեր զենք-զինամթերքը մատակարարվում է մեր որոշումների հիման վրա, ուրիշները չեն որոշում՝ մեզ ինչ է պետք։ Մեր պահանջարկը մենք ենք որոշում»,- մանրամասնեց նա։
ԱԽ քարտուղարն անդրադարձավ նաև ֆրանսիական զրահամեքենաների գնման՝ Արդբեջանի արձագանքին և հայտարարություններին, թե այս կերպ տարածաշրջանն են զինում, մինչդեռ տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի։
Գրիգորյանը համակարծիք է՝ տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի։
«Մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ անվտանգության ոլորտում հիմնականում պաշտպանական է։ Մենք պաշտպանական զենք ենք ձեռք բերում ՀՀ սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ Մենք որևէ մեկին վտանգ չենք ներկայացնում։ Կարծում եմ սա ևս որոշ չափով զուտ ինֆորմացիոն աղմուկ ստեղծելու նպատակ ունի, բայց միանշանակ է, որ Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում իր անվտանգությունը պաշտպանելու համար և շարժվում է խաղաղության օրակարգով»,- ընդգծեց Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանը հավելեց, որ հայկական կողմը հույս ունի խաղաղության պայմանագիրը հնարավորինս արագ կնքել և առաջարկեց Ադրբեջանին այս ուղղությամբ կենտրոնանալ փաստաթուղթը վերջնականացնելու համար։