
Էրդողանը Իսրայելին համեմատել է Հայաստանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի հակամարտության արդյունքում հիասթափության կարժանանա, ինչպես նախկինում Հայաստանը ղարաբաղյան հակամարտությունում: Տեղեկությունը փոխանցու է ՏԱՍՍ-ը։
«Տարիներ շարունակ մեր հողերի մասին երազանքներին հետապնդելուց հետո Հայաստանը քաղեց Ղարաբաղյան պատերազմի դասն ու կանգնեց իր տեղը։ Իսրայելը նույնպես կունենա հիասթափություն։ Քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ, միասնական ենք, ոչ ոք չի կարող մեզ կոտրել։ Եվ այդ պատճառով էլ դեռ ուժեղ և ժամանակակից բանակը մեզ համար անհրաժեշտություն է», - ասել է նա խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության անդամների առջև ունեցած ելույթի ժամանակ։
Էրդողանը կրկին Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն, իսկ ՀԱՄԱՍ շարժումը՝ լեգիտիմ քաղաքական ուժ Գազայի հատվածում:
«Իսրայելը զբաղվում է պետական ահաբեկչությամբ։ Ես դա հստակ ասում եմ՝ Իսրայելը ահաբեկչական պետություն է։ Դուք ՀԱՄԱՍ-ին անվանում եք ահաբեկչական կազմակերպություն։ Բայց ՀԱՄԱՍ-ը քաղաքական կուսակցություն է, որը հաղթել է ընտրությունների արդյունքում»,- ասել է նա։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան կշարունակի աշխատել, որպեսզի «աշխարհում ճանաչեն և ընդունեն Իսրայելին որպես ահաբեկչական պետություն»: