
Վրաստանի ԱԳ նախարարը՝ երկրի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարման մասին

Վրաստանը հնարավորություն է տալիս Ադրբեջանին և Հայաստանին օգտագործել իր տարանցիկ գործառույթը հավասար պայմաններում։ Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է երկրի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարմանը։
Հարցին, թե արդյոք Ֆրանսիայից Վրաստանի տարածքով Հայաստան զրահատեխնիկայի մատակարարումները չեն խանգարի Թբիլիսիի՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դերին, Դարչիաշվիլին պատասխանել է՝ Վրաստանը երկու երկրներին հնարավորություն է տալիս տարանցիկ գործառույթն օգտագործել հավասար պայմաններում:
«Ցանկացած երկիր իրավունք ունի ունենալ պաշտպանական ուժեր, իսկ երբ խոսքը վերաբերում է միջազգային համաձայնագրերով թույլատրված սովորական տեխնիկային կամ սպառազինությանը, ցանկացած երկիր իրավունք ունի ձեռք բերել դրանք։ Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին հնարավորություն տա հավասար պայմաններով օգտագործել տարանցիկ գործառույթը, որն ունի մեր երկիրը: Դա մեր պատասխանն է, այդ հարցի վերաբերյալ ենթադրություններն անտեղի կլինեն»,- ասել է Դարչիաշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանի գլխավոր նպատակը երկու բարեկամ եւ եղբայրական ժողովուրդների հետ միասին տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումն է:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարծում է, որ Վրաստանը հաջողությամբ իրականացնում է անկողմնակալ խաղացողի դերն այդ գործընթացում:
Վրաստանի ԱԳ նախարարը նաև նշեց՝ Թբիլիսին դիվանագիտորեն Ադրբեջանին է փոխանցել, որ վերջինս չպետք է միջամտի Հայաստանի հետ իր հարաբերություններին։