Արթուր Վանեցյանը հնարավոր է ձերբակալվի՞․ ԶԼՄ

Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդման որոշում ունենալու, նրան ձերբակալելու մասին լուրը դատախազությունը չի մեկնաբանում, ըստ այդմ՝ նաև չի հերքում։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

 

Ավելի վաղ լրատվամիջոցը հղում կատարելով իրավապահ համակարգի սեփական աղբյուրներին, արդեն հայտնել է, որ քաղաքական իշխանության կողմից իրավապահների առաջ խնդիր է դրվել ԶՄՊԿ-ին առնչվող գործով ամեն կերպ ներգրավել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանին: Դիտարկվում է նույնիսկ քրեական հետապնդման և կալանքի վարկածները։

 

««Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը, որտեղից խնդրել են գրավոր հարցում ուղարկել, որն, իհարկե կուղարկենք և պատասխանը ստանալուց անմիջապես հետո կհրապարակենք։ Այդուհանդերձ, հարկ է ընդգծել, որ իրավապահները փաստացի բանավոր չեն հերքել լուրը»,-գրել է լրատվամիջոցը։

 

Նշվում է նաև, որ Արթուր Վանեցյանը այս պահին Հայաստանում չէ։ Լրատվամիջոցի հարցին ի պատասխան նա նշել էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ներկայումս գտնվում է արտերկրում և մի քանի օրից կվերադառնա, և չի բացառել իր նկատմամբ նոր բեմադրություն կազմակերպումը։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ քրգործ է հարուցվել ԶՊՄԿ-ի 12.5% բաժնետոմսերը հանցավոր կերպով օրինականացրած քաղաքացու դեմ։ Կ.Վ.-ն (Կարեն Վանեցյան) 1 մլրդ դրամով և 13 մլն ԱՄՆ դոլարով օֆշորային կազմակերպության միջոցով ձեռք է բերել և տնօրինել հանցավոր ճանապարհով ստացված, առնվազն 14 մլրդ 526 մլն 300 հազար դրամ արժողությամբ գույք: Բաժնետոմսերը փաստացի պատկանել են 2013-18 թթ. ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Մ.Մ.-ին (Միքայել Մինասյան) և գրանցված եղել «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ: Նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ, ԶՊՄԿ-ի համար ակնհայտ անշահավետ պայմանագիր է կնքվել Մ.Մ.-ին պատկանող ընկերության և ԶՊՄԿ-ի միջև։ Արդյունքում՝ ԶՊՄԿ-ն առանձնապես խոշոր չափով տոկոսագումարներ է վճարել Մ.Մ.-ին պատկանող ընկերությանը: 
 

 

 

 

 

Քաղաքականություն