ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գորշ գայլեր» կազմակերպությունը սպառնացել է իսրայելցի մարզիկներին
Թուրքական ուլտրածայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպությունը տեսանյութ է հրապարակել՝ սպառնալով իսրայելցի մարզիկներին, ովքեր կմասնակցեն 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։
«Գորշ գայլերը» 1978 թվականին Մարաշում սպանեցին 100 կրոնական փոքրամասնությունների, առանցքային դեր խաղացին 1980-ականներին քրդերի ջարդերում, 1990-ականներին կռվեցին Արցախում և Չեչնիայում և թշնամաբար տրամադրված են Թուրքիայի բոլոր ոչ սուննի բնակիչների նկատմամբ:
2015 թվականի հունիսին հայ դաշնակահար Տիգրան Համասյանի՝ հին հայկական Անի քաղաք կատարած այցի ժամանակ «Գորշ գայլերի» տեղի առաջնորդն առաջարկել է իր հետևորդներին «սկսել հայերի որսը»։ Իսկ ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանցի զինվորները ողջունել են Գորշ գայլերին օկուպացված հայկական Ստեփանակերտում։
Շատ երկրներ օրենքից դուրս են հայտարարել «Գորշ գայլերը», իսկ Թուրքիայում նրանց քաղաքական թեւը կոալիցիայի մեջ է Էրդողանի իշխող կուսակցության հետ: