Արցախցիները Կարմիր խաչից պահանջել են զավակների աճյունների արտաշիրիմում
2020 և 2023 թվականների պատերազմներում զոհված զինծառայողների մի խումբ հարազատներ երեկ այցելել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ՝ իրենց ձայնը միջազգային մարդասիրական կառույցներին փոխանցելու նպատակով։
Հարյուրավոր աճյուններ ամփոփված են Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում և շրջաններում։ Պահանջը՝ միջոցներ ձեռնարկել, կազմակերպել արտաշիրիմում և աճյունները տեղափոխել Հայաստան։ Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ գործընթացը դժվար է, սակայն, անլուծելի չէ։
«Հասկանալով հարցի լրջությունը` լռել-նստելու փախարեն փորձել ենք Կարմիր խաչի միջոցով մեր ձայնը հասցնել նաև Բաքվի համանուն գրասենյակ, իրենք էլ տեղյակ պահեն իրենց երկրի ղեկավարությանը, բոլոր միջազգային կազմակերպություններին, այն պահանջով, որ նախ թույլ չտան պղծեն մեր զավակների շիրիմները և երկրորդ՝ կազմակերպել նրանց տեղափոխումը»,- ասել է Արմեն Ասրյանը` նշելով, որ Արցախի կորստից հետո միությունը շարունակում է կապ պահպանել բոլոր հարազատների հետ։
«Վերջիններս շատ են դիմել արտաշիրիմում կազմակերպելու հարցով, ես չէի կարող անտարբեր անցնել, ես լավ եմ հասկանում նրանց ցավը, որովհետև իմ տղան էլ հուղարկավորված է Ստեփանակերտում»։
Արմեն Ասրյանի խոսքով` սեպտեմբերյան դեպքերով զոհվածների աճյունների տեղափոխումը հեշտ կլինի, տապանաքար չեն հասցրել տեղադրել։
«Չգիտենք՝ այդ հանդիպումներն ինչ արդյունք կտան, բայց փորձելու ենք լուծումներ գտնել»,- հավելել է զրուցակիցը։
Հարազատներն առաջիկայում պլանավորել են հանդիպումներ կազմակերպել նաև ՀՀ կառավարության, ՄԱԿ առաքելության և ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու՞ է «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները դեղին գույն ներկված. պարզաբանում են Մետրոպոլիտենից
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները կիսով չափ վառ դեղին գույնով են ներկել, ինչը հարուցել...
Նոյեմբերի 1-ից «40 000+10 000 դրամ սոցիալական աջակցություն» ծրագիրը նոր պայմաններով կտրվի
Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիների մի մասը նոյեմբերի 1-ից այլևս «40 000+10 000»...
ԿԽՄԿ-ն օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մարդասիրական օգնություն է տրամադրում այն մարդկանց, որոնք մնացել են հայաբնակ Արցախո...
«Ընդհանուր ջուրը փակել ենք, որ ո՛չ «պանսիոնատներն» ունենան ջուր, ո՛չ էլ գյուղացիները». Արզական գյուղում խմելու ջուր չկա
Կոտայքի մարզի Արզական գյուղը, որտեղից Երևանի 50% ջուրն է ապահովվում, հիմա շատ լուրջ ջրի խնդիր ունի: Նման ահազանգ է ստացե...