ՑԱԽԱԼ–ը Էրեզ անցակետի մոտ փոխհրաձգության մեջ է մտել ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ. կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) կանխել է ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Էրեզ անցակետով հրեական պետության տարածք մուտք գործելու փորձը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական թելեգրամյան ալիքը։
ՑԱԽԱԼ–ը պարզաբանում է, որ իսրայելցի զինվորականները սպանել և վիրավորել են ՀԱՄԱՍ-ի մի քանի ներկայացուցիչների, որոնք դուրս էին եկել Գազայի հատվածում գտնվող թունելից։
Մինչ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը, Գազայի բնակիչները Էրեզ անցակետով մտել են Իսրայել՝ աշխատելու կամ բժշկական օգնություն ստանալու համար։ Ըստ իսրայելցի զինվորականների՝ ՀԱՄԱՍ-ը թունելներ է կառուցել անցակետի մոտ «որ կարողանա հարձակվել մարդասիրական անցակետի վրա և վնաս պատճառել տարածքում գտնվող բոլորին՝ և՛ իսրայելցիներին, և՛ պաղեստինցիներին»։
Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների կողմից վերահսկվող ինքնաթիռները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի երկու տարածքների վրա և սպանել կազմակերպության մի քանի ներկայացուցիչների։