Նեթանյահուն մեղադրել է հետախուզական ծառայություններին ՀԱՄԱՍ-ի հարձակմանը պատրաստ չլինելու համար
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներողություն է խնդրել X սոցիալական ցանցում արված իր գրառման համար, որտեղ նա մեղադրել է հետախուզական ծառայություններին ՀԱՄԱՍ-ի հարձակմանը երկրի անպատրաստ լինելու համար, գրում է Meduza–ն:
Հոկտեմբերի 29-ի գիշերը Նեթանյահուի օգտահաշվում գրառում էր հայտնվել, որում իսրայելցի վարչապետը նշել էր, որ հոկտեմբերի 7-ի ահաբեկչությունից առաջ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարները ոչ մի կերպ չեն զգուշացրել կառավարությանը, այլ ընդհակառակը, կարծում էին, թե խմբավորումը «շփոթված է և ուղիներ է փնտրում հակամարտության լուծման համար» և բազմիցս արտահայտել էին այս տեսակետը «մինչև պատերազմի սկիզբը»։
Գրառումից հետո Նեթանյահուն արժանացել է խիստ քննադատության։ Նեթանյահուի հակառակորդներն ընդգծել են, որ այժմ նման հայտարարությունների ճիշտ ժամանակը չէ, և մեղավորներ փնտրել պետք կլինի պատերազմից հետո։
Դրանից հետո գրառումը ջնջվել է Նեթանյահուի օգտահաշվից, ինչից հետո պաշտոնյան ներողություն է խնդրել՝ նշելով, որ «լիովին աջակցում է անվտանգության մարմինների բոլոր ղեկավարներին»։