ՀԱՄԱՍ-ը Գազայի ամենամեծ հիվանդանոցներից մեկի տակ ունի ստորգետնյա համալիրներ և թունելներ. ՑԱԽԱԼ

ՀԱՄԱՍ-ի զինյալներն օգտագործում են Գազայի հատվածում հումանիտար ենթակառուցվածքները, այդ թվում Գազայի ամենամեծ հիվանդանոցը՝ Ալ-Շիֆան, ռազմական նպատակներով, գրում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակ Դանիել Հագարիին։ 

Մասնավորապես, զինվորականները հայտնել են, որ Ալ-Շիֆայի տակ կան մի քանի ստորգետնյա համալիրներ, որոնք ՀԱՄԱՍ-ն օգտագործում է իր գործունեությունը կառավարելու համար, և թունելներ, որոնցով ՀԱՄԱՍ-ի զինյալները կարող են մտնել այդ համալիրներ՝ առանց հիվանդանոց գնալու։ Միաժամանակ, պնդում է Հագարին, հիվանդանոցից մուտք կա դեպի թունելներ։ 

Ըստ իսրայելական բանակի՝ հիվանդանոցի ներսում կա ՀԱՄԱՍ-ի կառավարման կենտրոն, որն օգտագործվում է Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու և զենքի պահեստարանների ուղղությամբ։ Հագարին նաև ասել է, որ ՀԱՄԱՍ-ի զինյալներն օգտագործում են հիվանդանոցի էներգետիկ ենթակառուցվածքը սեփական նպատակների համար։ 

«ՀԱՄԱՍ–ը օգտագործում է Ալ-Շիֆա հիվանդանոցը որպես վահան իր ենթակառուցվածքների համար: Գործելով հիվանդանոցներից՝ ՀԱՄԱՍ-ը ոչ միայն վտանգում է Իսրայելի քաղաքացիների կյանքը, այլև շահագործում է Գազայի անմեղ քաղաքացիներին»,- ասել է Հագարին: 

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հիվանդանոցի մասին տեղեկատվությունը հիմնված է «իսրայելական բանակի և անվտանգության շատ լավ տեղեկացված աղբյուրների վրա»: Այս տվյալները փոխանցվել են այլ երկրներում իսրայելական հետախուզության գործընկերներին: 

Իր հերթին ՀԱՄԱՍ-ը հերքել է Իսրայելի մեղադրանքները և իսրայելական զինվորականների հայտարարություններն անվանել «նախերգանք մեր ժողովրդի դեմ նոր կոտորած իրականացնելուց առաջ»։