Իսրայելի բանակը հայտարարել է քաղաքներում ռազմական գործողությունների ավարտի մասին

Իսրայելի քաղաքներում մարտերն ավարտվել են, Գազայի հատվածից ավելի քան 4,4 հազար հրթիռ է արձակվել, հաղորդում է timesofisrael.com-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի  մամուլի ծառայությանը։

Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով բնակեցված տարածքները գտնվում են ռազմական վերահսկողության տակ։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը խոստովանել է, որ քաղաքներում դեռևս զինված մարդիկ կան։

Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

 

Նշենք, որ Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Գազայի հատվածի մերձակայքում գտնվող իսրայելական համայնքների վրա իրականացված զանգվածային հարձակման և Իսրայելի ուղղությամբ արձակված հազարավոր հրթիռների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 700-ը: Զոհվածների թվում կան տասնյակ զինվորներ և ոստիկաններ։

 

Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածներից զոհվել է ավելի քան 400 պաղեստինցի:

 

Շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։ Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ արձակվել է ավելի քան 3 հազար հրթիռ։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալներ ներթափանցել են Իսրայելի հարավի սահմանային շրջաններ:

 

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ երկիրը պատերազմական վիճակում է և ասել է, որ հրամայել է պահեստազորների համատարած մոբիլիզացիա։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները, հայտնել են, որ գերի են վերցրել տասնյակ իսրայելցի զինվորների և սպաների:

Քաղաքականություն