Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում
Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության:
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Կոնյակի նկատմամբ հսկողությունը շատ շուտ է սկսվել Ռուսաստանում: Մարտ-ապրիլ ամիսներից ռուսական մաքսային ծառայությունը մաքսային հսկողություն է սկսել իրականացնել Հայաստանից ներմուծված կոնյակների նկատմամբ: Դա բացատրում են նրանով, որ հայտնաբերել են խախտումներ՝ կեղծ կոնյակներ և այլն: Մի քանի օր առաջ հսկողությունն ավելի են ուժեղացրել: Եթե նախկինում հսկողությունն իրականացվում էր կոնկրետ ինչ-որ արտահանողների կամ ներմուծողների նկատմամբ, այս պահին Հայաստանից եկող ամբողջ կոնյակը ենթարկվում է մաքսային հսկողության»,-ասել է Հակոբյանը:
Նա բացատրեց՝ հսկողությունը լինում է երկու տեսակի՝ փաստաթղթային կամ զննում: Զննման արդյունքում հնարավոր է որոշում կայացվի ապրանքն ուղարկել փորձաքննության: Երբ ապրանքն ուղարկվում է փորձաքննության, մեքենաները ստիպված են լինում սպասել անցակետում մինչև պատասխանների գալը: Մաքսային կցորդի խոսքով՝ մեքենաների կուտակումների պատճառը հիմնականում հենց դա է լինում, որ սպասում են փորձաքննության պատասխանին: Այն կարող է տևել 1 շաբաթից մինչև 1 ամիս:
Նրա տվյալներով՝ մոտ 60 մեքենա սպասում է հսկողության ավարտին:
«Բայց դա նաև չի խանգարում, որ մեքենաները շարունակեն ձևակերպվել և դուրս գալ, որովհետև Հայաստանից Ռուսաստան մտնող բեռները բնականոն կերպով ձևակերպվում և մտնում են Ռուսաստան: Ընդհանուր ծավալի վրա դա չի ազդում»,-նշել է Հակոբյանը:
Անդրադառնալով հնչող տեսակետին, թե այս ձևով Ռուսաստանը «տնտեսական պատժամիջոց» է կիրառում Հայաստանի նկատմամբ՝ մաքսային կցորդն ընդգծեց, որ ռուս գործընկերների հետ աշխատելու ընթացքում հիմնավորվում է, որ հայտնաբերվում են խախտումներ՝ կեղծ կոնյակներ, բաղադրության հետ կապված խախտումներ: Եվ հաշվի առնելով, որ հսկողությունը նոր չի դրվել, այլ՝ մարտ-ապրիլ ամիսներից՝ նա ենթադրում է, որ ռուսական կողմն իր հսկողության մեջ օբյեկտիվություն ունի:
Պատասխանելով հարցին, թե արդյոք արհեստականորեն խոչընդոտներ առաջացնելու միտում չի՞ տեսնում՝ Հակոբյանընասաց՝ եթե Հայաստանում էլ ինչ-որ ապրանքի մեջ խախտումներ են հայտնաբերվում, բոլոր դեպքերում հսկողությունն ուժեղացվում է: «Խախտումները շատացել են, դրանի՞ց է հսկողությունն ուժեղացել, թե՞ ինչ-որ քաղաքական ենթատեքստ կա, չեմ կարող պատասխանել հարցին, որովհետև այդ տեղեկությանը չեմ տիրապետում»,-ասել է կցորդը:
Նա միևնույն ժամանակ վստահեցրեց, որ, եթե հասկանում են, որ որոշ բեռնատարները շատ երկար են մնում, անարդար կերպով են վարվում հայ տնտեսաարողների հետ, անմիջապես կապ են հաստատվում ռուս գործընկերների հետ, խնդիրները քննարկում են բոլոր հնարավոր տարբերակներով: Տեղեկությունը տրամադրվում է նաև ՊԵԿ-ին, դեսպանությանը:
Վերին Լարսի անցակետով Հայաստանից Ռուսաստան այլ բեռներ տեղափոխող բեռնատարների հետ կապված խնդիրների մասին տեղեկություններ չեն ստացվել: Այս պահին շատ մեծ ծավալով հայկական բեռները մտնում են Ռուսաստան: Մաքսային կցորդի խոսքով՝ թողունակության այսպիսի ծավալ չի եղել երբևիցե: Այս պահին օրական միջինը 200 բեռնատար մտնում է Ռուսաստան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը սկսել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ. առաջինը հայկական կոնյակն է։