Ժողովրդի բացարձակ մեծամասնությունը ցանկանում է դուրս գալ Արցախից, քան մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ. Բաբայան
Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը՝ 99,9 տոկոսը, ցանկանում է դուրս գալ Արցախից, քան մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Արցախում վիճակը շարունակում է մնալ ծանր, մի քանի բեռնատարներ ժամանել են, հիմա սպասում ենք նոր բեռնատարների մուտքին: Իհարկե, սա փոքր-ինչ կթեթեւացնի սոցիալական,, կենցաղային պայմանները, եթե էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվի, կթեթեւանա վիճակը, հետո մնացածը կտեսնենք: Նախօրեին բեռնատարները Լաչինի միջանցքով են եկել, հիմնականում բերել են սնունդ, փոքր ինչ վառելիք, նաեւ դեղորայք»,-ասաց նա:
Հարցին, թե Ադրբեջանը արդյոք պահում է պայմանավորվածությունները արցախյան կողմի հետ, Բաբայանը ասաց, որ շուտ է դեռ այդ մասին խոսել, պետք է սպասել:
Խոսելով պայմանավորվածությունների մասին, Բաբայանը նշեց, որ այս պահին պայմանավորվածություն է ձեռք բերվել թեթեւացնել կենցաղային վիճակն Արցախում:
«Մնացած հարցերը ինձ թվում է հետագա հանդիպումների ժամանակ կքննարկվեն:Այս պահի դրությամբ քննարկվում են զոհվածների տեղափոխումը, անհետ կորածների ու վիրավորների հարցը եւ նման հարցեր: Էլեկտրաէներգիա չլինելու պատճառով շատ գյուղերի հետ կապ իրոք չկա»,- ասաց նա: