ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գեներալ Սուրովիկինը Ալժիրում է. հայտնի է պատճառը

Գեներալ Սերգեյ Սուրովիկինը գտնվում է Ալժիրում, հաղորդում են «Վագներ» ՄՌԿ–ին մոտ գտնվող «Grey Zone» թելեգրամյան ալիքը և ռազմական շրջանակից «Կոմերսանտ» թերթի աղբյուրը: Telegram ալիքը և հրատարակությունը հրապարակել են նաև գեներալի լուսանկարները։ 

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ Սուրովիկինը Ալժիր է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակության հետ միասին։ Հրատարակության աղբյուրը գեներալի այցը կապում է այն բանի հետ, որ «երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս արևելյան ուղղությանը արտաքին քաղաքականության իրականացման գործում», իսկ Ռուսաստանի իշխանությունները շարունակում են վստահել Սուրովիկինին։ 

«Ակնհայտ է, որ Սուրովիկինին շարունակում են վստահել ամենաբարձր մակարդակով, և հնարավոր է, որ գեներալի այցը կապված լինի նրա հնարավոր նշանակման հետ այն պաշտոնում, որը կապված կլինի արևելյան ուղղությամբ աշխատանքի հետ»,- ասել է թերթի զրուցակիցը։ 

РБК-ն նշում է, որ գեներալի լուսանկարները հայտնվել են նաև Օրանի Աբդ ալ Համիդ Բեն Բադիսի մզկիթի հաշվում։ Հաղորդագրությունը վերաբերում է «ռուսական բարձրաստիճան պատվիրակության» այցին։ 

Սերգեյ Սուրովիկինը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը։ 2022 թվականի հոկտեմբերին նա դարձավ Ուկրաինայում ռուսական ուժերի միացյալ խմբի ղեկավար և այն ղեկավարեց մինչև 2023 թվականի հունվարը։ 

Եվգենի Պրիգոժինի ապստամբությունից հետո տեղեկություններ հայտնվեցին Սուրովիկինի կալանավորման մասին։ Ըստ ամերիկյան հետախուզական ծառայությունների՝ գեներալը նախապես գիտեր, որ «Վագներ»-ի հիմնադիրը ապստամբություն է նախապատրաստում։ Ձերբակալության մասին տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ 

Սեպտեմբերի 4-ին լրագրող Քսենյա Սոբչակը հրապարակել է Սուրովիկինի լուսանկարը՝ գրելով. «Ողջ, առողջ, տանը, իր ընտանիքի հետ, Մոսկվայում»։

Սուրովիկինի ազատ արձակման մասին տեղեկությունը հաստատել են նաև The New York Times-ի աղբյուրները։ Հրատարակության զրուցակիցը, որը մոտ կանգնած է ՌԴ պաշտպանության նախարարությանը, պնդել է, որ գեներալին ազատ են արձակել Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանումից մի քանի օր անց։ 

Սեպտեմբերի 6-ին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի նախկին խորհրդական Անաստասիա Կաշևարովան նկատեց, որ Սուրովիկինի կենսագրությամբ էջը անհետացել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքից։ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Վիկտոր Զավարզինը հայտարարել է, որ գեներալին «լավ» պաշտոն են գտել «ԱՊՀ-ում»։

 

Պատահարներ