ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստ ենք ընդունել 18-27 տարեկան իգական սեռի մեր քաղաքացիներին ձմեռային զորակոչին. Պապիկյան
Հայաստանում ժամկետային զինծառայության անցած կանայք ծառայության վերջում կստանան 1 միլիոն դրամ, կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա, ըստ նրա, կարևոր հանգամանք է։ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում կայցելի ու անձամբ կծանոթանա կատարվող աշխատանքների ընթացքին, որ ամեն ինչ իր ուզածով ընթանա։
«Եկեք չթաքցնենք՝ սկզբից շատ կասկածեր կլինեն, քմծիծաղներ կլինեն, բայց ամենակարևորն է, որ մենք լրջությամբ մոտենանք խնդրին, մեր բոլոր ընթացակարգերը, մշտական տեղակայման վայրերը պետք է լինեն հնարավոր բարձր ստանդարտի ու մեր վերաբերմունքն էլ լինի հնարավորինս լուրջ, որովհետև, երբ քննարկում ենք, ես ասում եմ՝ նախկինում խոսում էինք բանակում երեխաների բացակայության մասին, որ բանակում չկա երեխա, բանակում կա զինվոր, իմ մոտեցումը նույնն է նաև այս դեպքում՝ բանակում չկա կին, բանակում չկա տղամարդ, բանակում կա զինվոր կամ զինվորական, ու մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ», - նշել է վարչապետը։
Կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համար դիմած կանայք կկարողանան ներգրավվել արդեն 2024 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է տրամադրվել և պատրաստ լինել ձմեռային զորակոչին։
«Մենք ֆիզիկապես պատրաստ կլինենք որպես ձմեռային զորակոչ իրենց ընդունելու, բայց, հաշվի առնելով այն աշխատանքը, որ մենք նախապատրաստում ենք նաև դպրոցներում, հիմնական ակնկալիքը լինելու է ամառային զորակոչին։ Բայց մենք պատրաստ ենք ընդունել 18-27 տարեկան իգական սեռի մեր քաղաքացիներին ձմեռային զորակոչին»,– ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Ի պատասխան` Նիկոլ Փաշինյանն առաջակեց ամռան մասին մոռանալ և հիմա կենտրոնանալ ձմռան ուղղությամբ։ Շեշտել է` բոլոր ռեսուրսները պետք է ներդրվեն ձմեռային զորակոչին նախասահմանված թվով զորակոչիկներ ունենալու խնդիրը լուծելու համար։
Մանրամասները` տեսանյութում: