ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դասագրքերը չկան, երեխաները չեն մոտիվացվում, անլուրջ են վերաբերվում դասագրքերին, ուսուցչին
Ուսուցիչները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով թեթևացնել ուսուցչի ծանրաբեռնվածությունը, ատեստավորման թեստերը կազմել այնպես, որպեսզի մեծամասնությունը կարողանա հաղթահարել, ինչպես նաև փոխել 2֊րդ, 5֊րդ և 7֊րդ դասարանների դասագրքերի բովանդակությունը։
«Դասագրքերը չկան, երեխաները չեն մոտիվացվում, անլուրջ են վերաբերվում դասագրքերին, ուսուցչին։ Ի՞նչ է նշանակում, որ ասում են՝ կհարմարվեն, կանեն։ Ես ուզում եմ նաև նշել ատեստավորման խնդիրը։ Ատեստավորման թեստերն այնպես են կազմված, որ ուսուցիչների 70 տոկոսից ավելին չի կարողանում հաղթահարել։ Այս ատեստացիան ափալ-թափալ արած, սվաղած մի բան է, որ ուսուցչին ասում են՝ պետք է անենք»,- նշել է ուսուցչուհիներից մեկը։
Մեկ այլ ուսուցիչ էլ հավալել է, որ ԿԳՄՍ նախարարությունն ուսուցչին դարձրել է փորձադաշտ։
«Ատեստավորումներ, կրթական չափորոշիչներով իրենց թվում է՝ դա բարեփոխո՞ւմ է, ուղղակի ծանրաբեռնել են ու կողմնակի, որը չի նպաստում կրթության բարելավմանը։ Անցյալ տարի կամավոր ատեստավորման են գնացել 2 հազարից ավելի ուսուցիչ, բայց անցել են 11-ը։ Թեստերի տակ լավ է չէին գրել՝ բարձր աշխատավարձ ես ուզում՝ «առը հա»: Ատեստավորման թեստն այնպես է կազմված, որ հանկարծ չանցնես։ Մեսրոպ Մաշտոցի խոսքերով ասած՝ իշխանությունները «կայֆավատ» են լինում մեզ վրա»,- ասել է պատմության ուսուցիչներից մեկը։
Հիշեցնենք, որ ուսուցիչները սեպտեմբերի 12-ին բողոքի ակցիա էին իրականացրել նաեւ ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով փակել emis.am-ը եւ անցնել թղթային մատյաններին, քանի որ, ըստ նրանց, այդպիսով աշակերտների կրթական մակարդակը չի բարձրանում, իսկ իրենց աշխատանքի ծանրաբեռնվածությունը մեծանում է:
Մանրամասները` տեսանյութում: