Տանգոյի համար պետք են երկուսը. Բլինքենը՝ Ուկրաինայի հարցով հնարավոր բանակցությունների մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ABC News-ի եթերում ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի այնպիսի պայմաններով, որոնք «արտացոլում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։ Նրա խոսքով՝ Կիևը կմիանա ռուսական կողմի հետ բանակցություններին, եթե Մոսկվան ցուցաբերի նախաձեռնողականություն, գրում է RTVI–ը: 

«Առայժմ մենք նշաններ չենք տեսնում, որ Վլադիմիր Պուտինը շահագրգռված է բովանդակալից դիվանագիտությամբ: Եթե ​​նա հետաքրքրություն ցուցաբերի, կարծում եմ, որ առաջինը կմիանան ուկրաինացիները, իսկ մենք նրանց հետևից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ 

Բլինքենը նաև նշել է, որ «բոլորն ուզում են» այս հակամարտության ավարտը։ Նա ասել է, որ խաղաղ բանակցությունները ներկայումս անհասանելի են, քանի որ «տանգոյի համար պետք են երկուսը»: 

ԱՄՆ պետքարտուղարը ռազմական գործողության սկզբից ի վեր իր չորրորդ այցն է կատարել Կիև։ Այցից հետո Բլինքենը հայտարարել է, որ առգրավված ռուսական ակտիվներն առաջին անգամ կփոխանցվեն Ուկրաինա, ինչպես նաև հայտարարեց ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ 

Անցյալ շաբաթ՝ սեպտեմբերի 5-ին, Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ բանակցությունները մոտ ապագայում չեն սկսվի։ Նախարարը կողմ է արտահայտվել ավելի վաղ ընդունված օրենսդրական արգելքին Վլադիմիր Պուտինի գլխավորած Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու մասին։ 

Սեպտեմբերի 9-ին G20-ի առաջնորդները, չնայած տարաձայնություններին, կարողացան համաձայնության գալ Նյու Դելիում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում վերջնական հռչակագրի շուրջ։ Ի թիվս այլ բաների, ասոցիացիայի անդամ երկրները ճանաչեցին Ուկրաինայի վերաբերյալ տեսակետների տարբերությունը։ Գերմանական dpa գործակալությունը հայտնել է, որ փաստաթղթի ընդունումը, որը վերաբերում է Ուկրաինայի իրավիճակին, կազմվել է փոխզիջման արդյունքում՝ հաշվի առնելով ինչպես Ռուսաստանի, այնպես էլ արևմտյան երկրների պահանջները։ Արդյունքում հռչակագրում հղում է արվել ՄԱԿ-ի բանաձևերին, Ռուսաստանի դեմ դատապարտումներ չեն եղել։