Ինչո՞վ է հնդկական ռազմարդյունաբերությունը գրավում Հայաստանին. «Հետք»
2022 թ. սեպտեմբերի 29-ին Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կան դեպքեր, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ ռազմական մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Փաշինյանն, ըստ էության, առաջնահերթ նկատի ուներ Հայաստանի թիվ մեկ ռազմական մատակարար Ռուսաստանին: Այս մասին գրում է «Հետք»-ը:
«Բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք (նկատի ուներ Ադրբեջանը - հեղ.) որոշակի հաջողություններ ունեն նաեւ մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով։ Որտեղ հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք եւ ռազմամթերք չմատակարարվի»,- նույն նիստում հայտարարել էր Փաշինյանը:
Այնպես չէր, որ ամեն ինչ սկսվել էր հենց 2022 թ. սեպտեմբերին, Փաշինյանի խոսքերը վերաբերում էին շատ ավելի մեծ ժամանակահատվածի, բայց հենց 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո նոր թափ ստացան լուրերն ու խոսակցությունները հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցության մասին:
«Swathi» ռադարներ
Ըստ հանրային բաց տվյալների՝ Հնդկաստանից Հայաստանն առաջին անգամ զենք պատվիրել է 2020 թ.: Խոսքը «Swathi» հակահրետանային ռադարների մասին է, որոնք կիրառվում են՝ հակառակորդի հրետանային միջոցները տեղորոշելու, ինչպես նաեւ արձակված արկերը հայտնաբերելու համար: Զենքի առեւտրի վիճակագրության եւ հետազոտությունների մեջ մասնագիտացած Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ Հայաստանն իր պատվիրած 4 ռադարները ստացել է 2021 թ.: Գործարքն արժեցել է 40 մլն դոլար: Հնդկական «The Economic Times»-ն էլ գրել էր, որ գործարքի գինը եղել է 3,5 մլրդ ռուփի կամ մոտ 43 մլն դոլար։
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ հնդկական ռադարի՝ պաշտոնապես հայտարարված տեխնիկական բնութագրերը բավականին լավն են: Ըստ բաց աղբյուրների՝ ռադարը տեղորոշում է 2-20 կմ հեռավորության վրա գտնվող ականանետային օջախները, 2-30 կմ հեռավորության հրանոթները եւ 4-ից մինչեւ 60-80 կմ հեռավորության վրա գտնվող չկառավարվող հրթիռների արձակման կայանները: Ներսիսյանի ասելով՝ եթե «Swathi»-ն համեմատենք, օրինակ, ռուսական «Զոոպարկի» հետ, ապա պետք է ասել, որ առաջինը բավականին հավաք (կոմպակտ) է, այնինչ ռուսական համակարգը բաղկացած է մի քանի մեքենաներից, դանդաղաշարժ է ու, ըստ այդմ, ավելի հեշտ խոցելի, քան հնդկականը, բացի դրանից՝ «Swathi»-ն բարդ տեխնիկա չէ կիրառության տեսանկյունից:
«The Economic Times»-ը գրել էր, որ «Swathi» ռադարները հնդկական բանակը հաջողությամբ կիրառել է Պակիստանի ու Չինաստանի հետ սահմաններին։ «Հնդկական տեխնիկան լավ է նրանով, որ ռազմական գործողությունների թատերաբեմը սարերում է, ու դրանք ավելի լուրջ սարեր են, քան Հայաստանում կան՝ 5 կմ եւ ավել բարձրության՝ Հիմալայներում»,- նկատում է Լեոնիդ Ներսիսյանը՝ հավելելով, որ հնդկական ռազմարդյունաբերությունը, ելնելով իր երկրի աշխարհագրությունից, շեշտը դնում է լեռնային տեղանքի վրա, ինչը հարմար է նաեւ Հայաստանին:
«Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր
Այս համակարգերի մասին «Հետքը» գրել էր 2022 թ. սեպտեմբերին՝ հղում անելով հնդկական «The Economic Times»-ին:
- Ըստ հնդկական մամուլի՝ Հայաստան կառաքվեն «Pinaka» համակարգեր, որոնք Հնդկաստանում ռուսական «Գրադին» փոխարինելու են եկել
Ըստ ինֆորմացիայի՝ հայ-հնդկական պայմանագրերի արդյունքում, որոնց գինն ավելի քան 20 մլրդ ռուփի է կամ մոտ 245 մլն դոլար, հնդկական կողմն առաջիկա ամիսներին պետք է Հայաստան առաքի «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ), հակատանկային հրթիռներ, զինամթերքի տեսականի։
«Pinaka»-ների նախագծումը Հնդկաստանն սկսել է 1980-ականներին, ինչի վերջնարդյունքում այս համակարգը փոխարինելու է խորհրդային/ռուսական «Գրադ» ՀԿՌՀ-ին։ Ծրագրվում էր, որ 1994-ից սկսած ամեն տարի հնդկական բանակը պետք է համալրվեր «Pinaka»-ի մեկ գնդով։ Յուրաքանչյուր գունդ ներառում է 3 մարտկոց, որոնցից ամեն մեկում կա 6 ՀԿՌՀ, գումարած ռեզերվը։ Այսինքն՝ հնդկական չափանիշներով «Pinaka»-ի մեկ գնդում կա առնվազն 18 արձակող կայան, բացի դրանից՝ գունդը ներառում է սպասարկող մեքենաները, ռադար եւ հրամանատարական կետ։
«The Economic Times»-ը 2022 թ. սեպտեմբերին գրել էր, որ Հայաստանը պատվիրել է «Pinaka»-ի 4 մարտկոց, որոնցից 2-ն առաքվելու են սկզբում, իսկ հետո՝ եւս 2-ը: Եթե դիտարկենք հնդկական չափանիշներով, ստացվում է, որ հայկական բանակն ստանալու է 24 արձակող կայան, գումարած՝ մնացած համակարգերը:
«Pinaka»-ն ունի 122 մմ եւ 214 մմ տրամաչափով տարբերակներ, որոնցից առաջինը համապատասխանում է խորհրդային/ռուսական «Գրադին», իսկ երկրորդը մոտ է խորհրդային/ռուսական «Ուրագանին», որի տրամաչափը 220 մմ է։ Կախված տարբերակներից՝ «Pinaka»-ի հրթիռի առավելագույն խոցման հեռավորությունը 37,5-ից մինչեւ 75 կմ է («Գրադի» պարագայում առավելագույն հեռավորությունը նշվում է 42 կմ, «Ուրագանի» դեպքում՝ 35 կմ)։ Փորձարկումների փուլում են «Pinaka»-ի՝ մինչեւ 90 կմ հեռահարության հրթիռները:
Ըստ «The Economic Times»-ի՝ Հայաստանը ձեռք է բերելու «Pinaka»-ի ընդլայնված հեռահարության (ER, extended range) եւ կառավարվող (guided) հրթիռներ: Կառավարվող հրթիռների հեռահարությունը 70 կմ է, միաժամանակ հստակ չէ, թե ընդլայնված հեռահարության որ հրթիռների մասին է խոսքը, քանզի «Pinaka»-ն ունի «Mk-I» (հեռահարությունը՝ 37,5 կմ) եւ «Mk-II» (60 կմ) հրթիռներ, որոնց համապատասխան մշակել է ավելի մեծ հեռահարության տարբերակներ՝ «Mk-I Enhanced» (45 կմ) եւ «Mk-II ER» (90 կմ, ըստ տեղեկությունների՝ փորձարկումների փուլում է):
Այլ մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: