Գործարան սարքելու համար պետք է դպրոց ու համալսարան. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում ասվում է, որ «Պետությունը պետք է դպրոց, ու ճանապարհ կառուցելու փոխարեն գործարան սարքի» ծիծաղելի ու «փառահեղ» արտահայտությանը անդրադարձել է իր նախորդ երկու գրառումներում։


Նախարարը, շարունակելով թեման, գրում է.


«Արդյո՞ք ՀՀ Կառավարությունը նպաստում է գործարաններ կառուցելուն, թե՞ ոչ դիտանկյունից։

Նախորդիվ բերել էի քաղաքականության օրինակ, որը հանգեցրել էր Հայաստանում «զրոյից» գործարաններ սարքելու և արտադրանք թողարկելու գործընթացի, իսկ այժմ թվերով ու փաստերիվ ցույց տամ, թե ինչպես են գործող Կառավարության աջակցությամբ հազարավոր, այո, այո, չզարմանաք հազարավոր փոքր, միջին ու մեծ արտադրական ձեռնարկություններ զարգացրել իրենց արտադրական կարողությունները՝ 60-70-80-90- ականների իրենց բարոյապես ու ֆիզիկապես մաշված հաստոցները, մեքենա-սարքավորումները և այլ տեխնոլոգիաները փոխարինելով նոր ու ամենաժամանակակից գերմանական, ճապոնական, ամերիկյան և այլ երկրների սարքավորումներով։


Ի դեպ, Կառավարության այս և մյուս ծրագրերից ամենաշատն օգտվող կազմակերպությունների առաջամարտիկներն են «Պետությունը պետք է դպրոց, ու ճանապարհ կառուցելու փոխարեն գործարան սարքի» մտքի հեղինակի ընտանիքին պատկանողները։ Վերջիններս հատկապեսգպարտաճանաչ են սուբսիդավորման գումարները ստանալու օրերին։


Բայց դրան առանձին գրառմամբ կանդրադառնամ։


Այսպես, Կառավարությունը ունի երեք ծրագրեր, որոնք միտված են արտադրական ձեռնարկությունների արտադրողականության բարձրացմանը, մասնավորապես բիզնեսը վարկով կամ լիզինգով գնում է սարքավորումներ, իսկ պետությունը ամբողջությամբ կամ մեծ մասով վճարում է այդ վարկի կամ լիզինգի տոկոսները։ Որպեսզի պատկերացնենք, թե դա որքան մեծ աջակցություն է, ապա մի պահ ամեն մեկս կարող ենք հիշել, թե որքա՞ն վարկ ենք վերցրել և, ի վերջո, որքա՞ն ենք մարել բանկին՝ տոկոսներն էլ հետը միասին։


Կառավարության աջակցության այս ծրագրի շահառուների թիվը կազմել է 6805, որոնք ձեռք են բերել 503,8 մլրդ դրամ արժեքով 21430 սարքավորում, իսկ պետության փոխհատուցած գումարը կազմել է 60,5 մլրդ դրամ։ Այսպիսով, եթե այսօրվա փոխարժեքով նայենք, ապա այս ծրագրի արդյունքում մեր տնտեսության մեջ է ներդրվել 1 մլրդ 316 մլն դոլարի նոր սարքավորումներ։


Իսկ ինչո՞ւ է սա կարևոր։


Սա կարևոր է քանի որ առանց ժամանակակից սարքավորման հնարավոր չէ ստանալ բարձր որակի ու ծախսարդյունավետ ու մրցունակ արտադրանք, հետևաբար հնարավոր չէ մրցունակ լինել արտաքին շուկաներում, հետևաբար հնարավոր չէ մեծացնել արտահանումը, իսկ առանց արտահանման էլ հնարավոր չէ ունենալ զարգացած տնտեսություն, աշխատատեղեր, հատկապես բարձր վարձատրվող և, ի վերջո, չի կառուցվի գործարան։


Իմիջիայլոց, ծրագրի արդյունքների մասին, եթե մեր արտադրողականությունը 2017 թ․ կազմում էր ընդամենը 5,2 դոլար մարդ ժամ, ապա 2024-ին այն արդեն գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 10,3 դոլար մարդ ժամի։


Ու մի բան էլ, գործարան սարքելու, աշխատեցնելու ու այնտեղ ապրանք արտադրելու համար պետք է դպրոց ու համալսարան, գործարանի արտադրանքը արտահանելու համար էլ՝ ճանապարհ»։


Հիշեցնենք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի պնդմանը, թե պետությունը ոչ թե պետք է «դպրոց ու ճանապարհ սարքի, այլ գործարան»:

Քաղաքականություն

Պատահարներ